Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն և հանդիպում ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Սեբաստիեն Լըկորնյուի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Ըստ հաղորդագրության, ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել՝ այն առավել զարգացնելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Պաշտոնական հանդիպումից հետո կայացել է մամուլի համար համատեղ հայտարարություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում: