Նոյեմբերին և դեկտեմբերին արցախցիներին կհատկացվի նաև 50 հազարական դրամ

Հայատանի կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար սկսում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:


«Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ», - գրել է վարչապետը Ֆեյսբուքում՝ հույս հայտնելով, որ բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն:

«Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց», - վստահեցրել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից բոլոր տեղահանվածները չէ, որ ստացել են հատկացվող պետական աջակցությունը

Երկու օր առաջվա տվյալներով՝ հարյուր հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 95 հազար 200 անձ։