45-ամյա Մավրիկ Փաշայանի տանջանքները շուրջ մեկ շաբաթ են տևել։ Հայրենի Սզնեք գյուղից փախուստի, ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվելու, խոշտանգումների, ծեծի ու նվաստացումների մասին այսօր նա պատմում էր հիվանդասենյակի մահճակալին նստած։
Մավրիկը, որ հաշմանդամություն ունի և այդ պատճառով չի էլ ծառայել, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ իր տանն է եղել։ Եղբայրը՝ Մելիքսեթն իջել է դիրքերից ու ասել՝ դուրս եկեք գյուղից։ Ով ինչպես կարողացել գյուղը լքել է ու քանի որ մեքենա այլևս չի եղել, Մավրիկը, իր հորեղբոր ու համագյուղացի 80-անց Նվարդի հետ փորձել են ոտքով փախչել ու պատսպարվել են գյուղը շրջապատող անտառներում։ Այնտեղ անօգնական վիճակում հանդիպել են Սզնեքի գյուղապետի տարեց հորը, նա քայլել չի կարողացել ու այդպես մնացել է անտառում։
Մավրիկի եղբայրը՝ Մելքիսեթ Փաշայանը որոշել է անօգնական ու տարեց մարդկանց այդտեղից տարհանելու համար օգնություն փնտրել, գնացել ու այդպես էլ չի վերադարձել։ Ավելի ուշ իմացել են, որ գերեվարվել է։ Մավրիկն ու 80-ամյա Նվարդը մի քանի օր առանց սննդի անտառում են քնել։ Ճանապարհին թողել են հորեղբորը՝ 80-ամյա Շուրա Մանասյանին, քանի որ նա այլևս ի վիճակ չի եղել քայլել, գուցե նա այնտեղ էլ մահացել է, հարազատները տեղեկություններ չունեն։
Ավելի ուշ ադրբեջանցիները Կարմիր գյուղի մոտակայքում բռնել են և՛ Մավրիկին, և՛ Նվարդին։ Հրազենից վիրավորել են հաշմանդամ տղամարդուն, ապա սկսել ծեծի ենթարկել։
«Թուրքն էլ այնտեղ՝ հարայ-հրոց, թե՝ կանգնիր, կանգնիր։ Ես չեմ հասկանում, այսինքն հետո հասկանում եմ, ասում են՝ կանգնիր։ Ասում եմ՝ ոչ, չեմ ուզում, պիտի բարձրանամ։ Խփում են, գլխիս վրայով անցնում է {փամփուշտը}, ձեռքիս եղբորս պայուսակն էր, մեջը՝ կոշիկներ։ Խփում են դեպի պայուսակի ուղղությամբ ու կպնում է ձեռքիս», - պատմեց Մավրիկը։
Երբ իրեն ծեծել են, համագյուղացի տարեց կինը փորձել է սաստել ադրբեջանցիներին, նրանց իսկ լեզվով խնդրել, որ չտանջեն, ադրբեջանցիներն էլ սկսել են ծիծաղել ու ծաղրել Նվարդին, ապա իրենց առանձնացրել են ու տարել Շուշի։ Այնտեղ էլ խոշտանգումները չեն ավարտվել. ծեծել ու ստիպել են վիրավոր ու կոտրված ձեռքերով հրում վարժություն անել, մի ոտքի վրա կանգնել։
«Ասացին՝ դու որտե՞ղ ես ուզում գնաս։ Ասացի՝ Արցախ եմ ուզում։ Ասաց՝ Արցախ՝ ոչ, մի ասա այդպես։ Ասացի՝ լավ, Երևան տարեք։ Ասաց՝ Երևան, այո, կտանենք։ 2-3 օր պահեցին։ Զինվորական էլ կար, ոստիկան էլ կար, բոլորն էլ կային։ Քնած ժամանակ կոշիկով խփում էին՝ վեր կաց տեղիցդ։ Մի ոտքի վրա կանգնեցրին, ասացին՝ օտժիմանի արա {մարզանք՝ հրել-բարձրանալ հատակից}։ Ասացի՝ ձեռքերս․․․ չեմ կարողանում, ցավում են։ Ասաց՝ արա, հարվածեց... Ասացի՝ չեմ կարողանում, բարկացավ, ցատկեց կրծքիս ոտքով խփեց, շունչս կտրվեց․․ հետո սկսեցին ծաղրել ինձ», - պատմեց նա:
Ավելի ուշ Մավրիկի հարազատները ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել են նրան և դիմել Կարմիր խաչին։ Կադրերում ադրբեջանցի զինծառայողները ցույց են տվել, թե ինչպես են իբրև թե առաջին օգնություն ցուցաբերում, այն դեպքում, երբ ըստ Մավրիկի, հենց նրանք են կրակել, վիրավորել ու տանջել իրեն։ Տեսանյութում Մավրիկը նաև ինչ-որ բան է ուտում, մեզ հետ զրույցում ասաց, թե կոնֆետ էին տվել, որ ուտելուց նկարեն. - «Ձեռքս փաթաթեցին, սրսկեցին, կոնֆետ տվեցին ու նկարեցին»:
Ողբերգական պայթյունի հաջորդ օրը ադրբեջանցիները Կարմիր խաչի միջոցով Մավրիկին հանձնել են հարազատներին։ Ինչպես նրա եղբոր՝ գերեվարված Մելիքսեթի կինն է պատմում, Մավրիկը քայլել չէր կարողանում։
«Մավրիկի գլուխն ուռած էր, կապտուկներ կար վրեն: Հետո սրսկած էր, անգլերենով ձեռքի վրա գրած էր, հիվանդանոցում ասացին՝ ուժեղ անտիբիոտիկ են սրսկել: Հետո հիվանդանոցում ասացին՝ մենք ստեղ վիրահատելու հնարավորություն չունենք, սաղին հանում ենք ստեղից, էնքան սպասեցի, որ իրան հանեցին, սկորիով բերեցին Հայաստան», - ասաց Նաիրա Փաշայանը:
Ավելի ուշ Մավրիկի հարազատները տեղեկացել են, որ նրա եղբայրը՝ 52-ամյա Մելքիսեթ Փաշայանը նույնպես գերեվարված է։ Նրա կինը՝ Նաիրան ենթադրում է, որ անտառում մնացած տարեցներին օգնելու ժամանակ են նրան ադրբեջանցիները բռնել։
«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարանար փախներ, բայց որ իր հետ մեծահասակներ են եղել, մեծահասկաների հետ ո՞նց», - ասաց կինը:
Նաիրան ասում է, որ օրերս են իմացել՝ ամուսինը ողջ է, Բաքվում է. - «Բաքվից է զանգել, որ՝ «ես ստեղ եմ, ողջ եմ, բայց չգիտեմ՝ երբ եմ գալու»:
Խոշտանգումների ենթարկված Մավրիկ Փաշայանի ձեռքը վիրահատել են «Երևան բժշկագիտական» կենտրոնում։ Վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանի խոսքով՝ քանի որ վերքն արդեն թարախակալված էր, մինչև վիրահատությունը պացիենտը նախ երկարատև բուժում է անցել։ Այժմ Մավրիկի վիճակը բավարար է։
Սեպտեմբերի 19 -ի ադրբեջանական հարձակումից հետո շուրջ մեկ շաբաթ ծանր փորձություններով անցած 45-ամյա Մավրիկն առաջին անգամ է Երևան եկել, այն էլ ուղիղ հիվանդանոց։ Հայրենի Սզնեք վերադառնալու հույս չունի, Հայաստանում էլ մնալ չի ուզում, քրոջ մոտ է ցանկանում գնալ՝ Սարատով:
Ի դեպ, խոշտանգումների ենթարկված, 2 -րդ կարգի հաշմանդամ Մավրիկ Փաշայանը Հայաստանի կառավարության տրամադրած 100 հազար դրամ օգնությունը դեռ չի ստացել, քանի որ բուժման ընթացքում անկարող էր հաշվեհամար բացել։ Հիվանդանոցում նրան խնամող Նաիրա Փաշայանը գերեվարված ամուսնու՝ Մելիքսեթ Փաշայանի գումարն էլ չի կարող ստանալ, քանի որ օգնություն ստանալու համար պետք է հաշվառվել։ Իսկ գերիներին չեն հաշվառում։
Ավելի ուշ Սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քանի որ Մավրիկ Փաշայանը 2 -րդ կարգի հաշմանդամ է, նա կարող է իր օգնությունը ստանալ «Հայ փոստ»-ից՝ առանց հաշվեհամար բացելու: