Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։
Այս պահին Եվրամիությունը հարյուր դիտորդ ու փորձագետ ունի Հայաստանում, որոնց առաքելությունն է դիտարկել ու Բրյուսելին հաշտվետվություն ներկայացնել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, նպաստել անվտանգությանն ու հնարավորության դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև վստահության ամրապնդմանը։ Թե ինչ փոփոխություններ է կրելու և որքանով է ավելանալու դիտորդների թիվը, առաժմ հստակ չէ։ Այս պահին առկա տեղեկություններով՝ այդ հարցերը, ամենայն հավանականությամբ, կորոշվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
Այս պահին Բրյուսելի համար առաջնային է երկու ուղղություն. եվրոպացի պաշտոնյա
Մինչ այդ՝ հաջորդ շաբաթ, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները՝ Արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ջոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում։ Հարցը ներառված է առաջիկա երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայանալիք արտգործնախարարների խորհրդի նիստում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի և Բաքվի համար կարևոր է հավատարիմ մնալ համաձայնեցված օրակարգին. Կլաար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը հոկտեմբերի վերջին Փաշինյանին և Ալիևին Բրյուսելում հանդիպման է հրավիրումԱյս պահին Բրյուսելի համար առաջնային է երկու ուղղություն, «Ազատությանը» փոխանցել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, մանրամասնելով՝ «նախ շարունակել միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և երկրորդ՝ աջակցել ու նպաստել Հայաստանի ամրապնդմանը»։
«Մենք շատ հստակ ասել ենք նախագահ Ալիևին և Ադրբեջանի ներկայացուցիչներին, որ մեզ մտահոգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խարխլող ցանկացած փորձ։ Սա մի բան է, որին մենք լուրջ ենք վերաբերվում»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, ընդգծելով, որ այս զգուշացումը փոխանցվել է Բաքվին Եվրամիության մի շարք պաշտոնյաների կողմից։
«Միաժամանակ, հաջորդ շաբաթ արտգործնախարարները կքննարկեն՝ տարբեր ճանապարհներ, որոնցով կարող ենք աջակցել ու ամրապնդել Հայաստանի տոկունությունը՝ ֆինանսական, անվտանգությանն ու ժողովրդավարությանը վերաբերող հարցերում՝ դիմակայելու կիբերհարձակումներին կամ հիբրիդային հարձակումներին։ Մենք պետք է շատ աչալուրջ լինենք, թե ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանում»,- ասել է եվրոպացի պաշտոնյան, փաստելով, որ վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է դաշնակիցների դավաճանության մասին։
«Նրանք նոր իրավիճակի առջև են կանգնած, և մեր պատասխանատվությունն է օգնել և աջակցել Հայաստանին այս փոփոխություններում»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն. ՀՀ վարչապետԵվրոպական խորհրդի ղեկավարը Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների հետ այս ամսվա սկզբին հանդիպում էր նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, որտեղ կողմերը, ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների, պատրաստվում էին առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահը, սակայն, Գրանադա չգնաց։ Չնայած դրան՝ Բրյուսելը շարունակում է աշխատանքը խաղաղության համապարփակ համաձայնագրի և դրանից բխող հարցերի՝ սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցության ուղիների, ձերբակալվածների ազատ արձակման և այլ հարցերի ուղղությամբ, «Ազատությանն» ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Գրանադայում նախատեսված հանդիպումը չեղարկելուց հետո Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է Բրյուսելում շարունակել բանակցությունները առանց Ֆրանսիայի նախագահի, միայն Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ։ Հայտարարվել էր, որ այդ հանդիպումը պետք է կայանա մինչև այս ամսվա վերջ։ Հստակ օրն ու ժամը, սակայն, դեռ չեն հաղորդվել։