Լքված տներ Գեղարքունիքում շատ կարելի է գտնել... 25 հազար մարդ՝ 2011-22 թվականների ընթացքում այսքան է նվազել այս մարզի բնակչությունը։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 19 հազարը գյուղական համայնքների բնակիչներն էին։ 27 հազարով էլ նվազել է Սյունիքի բնակչությունը:
Անցած տարի անցկացված մարդահամարի նախնական տվյալներով՝ Հայաստանում 2 միլիոն 928 հազար մարդ է ապրում։ Մշտական բնակչությունը նվազել է 86 հազարով։ Նրանց գերակշիռ մասը՝ 52 հազարը, հենց այս սահմանամերձ մարզերից են։
2011-ին 2001-ի համեմատ այս մարզերի բնակչությունը միասին վերցրած նվազել էր 11 հազարով, ծավալն էլ ընդհանուր կրճատման մեջ շատ ավելի փոքր էր՝ 7 տոկոս, ներկայիս 60 -ի փոխարեն։
Սոցիալական վիճա՞կն է պատճառը, անվտանգային խնդիրնե՞րը՝ սահմանային կրկնվող միջադեպերով, թե՞ երկուսը միասին։ Մասնագետներն առայժմ գնահատականներ տալ չեն ուզում՝ սպասում են մարդահամարի վերջնական արդյունքներին։ Իրենք՝ բնակիչները այս ամենը բացատրում են համատարած հիասթափությամբ, ապագայի հանդեպ վստահության պակասով, ծանրացող սոցիալական խնդիրներով:
«Հիմնականը պատերազմից հետո շատ մարդիկ հիասթափվան ու գնացին, մարդիկ էսօր անորոշ վիճակում են ստեղ ապրում», - ասաց բնակիչներից մեկը:
Բնակչության նվազմանը զուգահեռ Գեղարքունիքում նաև ապրուստն է դժվարացել, մարզի 209 հազար բնակիչների կեսն աղքատ է: 2019-ին աղքատ էին այստեղ ապրողների 22.4 տոկոսը, 2021 -ին նրանց թիվն ավելի քան կրկնապատկվեց՝ հասնելով 49 տոկոսի։ Գեղարքունիքն այսպիսով, ետևում թողնելով Շիրակին, այս պահին Հայաստանի ամենաաղքատ մարզն է։
Քաղաքացիները Գեղարքունիքում սպառողական գնումների վրա ամսական միջինը 29 հազար դրամ են ծախսում, համապետական ցուցանիշը 50 հազար է։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ տարիներ առաջ մարդիկ այս մարզում ավելի շատ էին ծախսում։
Ըստ Վիճկոմի՝ սյունեցիների սոցիալական վիճակը շատ ավելի բարվոք է, աղքատների թիվը փոքր, փողն ավելի շատ։ Բնակչությունը, սակայն, 11 տարիների ընթացքում նվազել է շուրջ 20 տոկոսով, ընդ որում, եթե Գեղարքունիքում գյուղերն են դատարկվում՝ Սյունիքում քաղաքներում ապրողներն են պակասում։
Մասնագետներն ասում են՝ մարդահամարի արդյունքների վերջնական ամփոփումը այս ծավալի անկման պատճառները վերլուծելու ավելի լայն հնարավորություն կտա։ Որոշ ցուցանիշներ, սակայն, արդեն վկայում են՝ 44-օրյա պատերազմն իր հետքը թողել է ... Սյունիքում շատացել են հաշվառման՝ գրանցման վայրի փոփոխությունները։ Վերջին 3 տարիներին Սյունիքի գրանցումից դուրս է եկել 5900 մարդ։ Պատերազմին նախորդած երեք տարիներին այս ցուցանիշը 4100 էր։