Ռուսաստանում «Ազատության» լրագրողի կալանքը երկարաձգվեց մեկուկես ամսով

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևա, արխիվ

Կազանի դատարանը երկարաձգեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևայի կալանքը մեկուկես ամսով: Նման միջնորդություն էր ներկայացրել ՌԴ դատախազությունը:

Կուրմաշևան մեղադրվում է որպես «օտարերկրյա գործակալ» չգրանցվելու համար, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում, տուգանք կամ հասարակական աշխատանք։

«Մենք անհանգստացած ենք Ալսուի կալանքը երկարաձգելու որոշմամբ», - հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահի պաշտոնակատար Ջեֆրի Գեդմինը: «Լրագրությունը հանցագործություն չէ: Ալսուն պետք է անհապաղ վերադարձվի իր ընտանիքին», - ընդգծել է նա:

Կուրմաշևան Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող է, երկքաղաքացի է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անձնագրեր ունի։ Նա մայիսին մեկնել է Ռուսաստան ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով։

Լրագրողը ժամանակավորապես կալանավորվել է հունիսի 2-ին Կազանի օդանավակայանում վերադարձի թռիչքին սպասելիս, որտեղ առգրավել են նրա անձնագրերը, ապա ամիսներ հետո նրան մեղադրանք են առաջադրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատ Եվրոպա/Ազատություն»-ը և CPJ-ն կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ռուսաստանում կալանավորված լրագրողին