Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ 45-րդ երկիրը, որը վերացրեց մահապատիժը բոլոր հանգամանքներում:
Եվրախորհրդի խոսնակի հաղորդագրության համաձայն՝ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Խաչատրյանն այսօր ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ի պահ է հանձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրության վավերացման վավերագիրը:
Արձանագրությունն արգելում է մահապատիժը բոլոր հանգամանքներում, այդ թվում՝ պատերազմական ժամանակներում և պատերազմի անմիջական սպառնալիքի պայմաններում կատարված հանցագործությունների համար:
Փաստաթուղթը լրացնում է Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը, որով վերացվում է մահապատիժը բոլոր դեպքերում՝ բացի պատերազմական ժամանակից, և որը վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները:
2023 թվականին լրանում է թիվ 13 արձանագրության ուժի մեջ մտնելու 20 տարին: