Հայաստանի հավաքականն ավելի թույլ մրցակիցների հետ լուրջ խնդիրներ է ունենում. լրագրող

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման խմբի հետնապահ Լատվայի հետ հանդիպումը տապալելուց հետո Հայաստանի ընտրանին պարտվեց նաև երեկ։ Հյուսիսային Մակեդոնիան ընկերական խաղում հաղթեց 3-1 հաշվով։

Ընկերական հանդիպումը քիչ խաղաժամանակ ունեցող ֆուտբոլիստներին փորձարկելու հնարավորություն էր, խաղից հետո ասաց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը. - «Սխալներ եղան։ Նրանք շատ երիտասարդ են, ամեն ինչ առջևում է, կուսումնասիրենք թերացումները»։

Եթե երեկ հավաքականը ոչինչ չկորցրեց, ապա անցած շաբաթ Լատվիայից կրած պարտությունը ֆուտբոլային հանրությունը կատարյալ ձախողում է համարում։ Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարող Հայաստանը բացահայտ ֆավորիտի կարգավիճակում անգամ իրական գոլային պահեր չստեղծեց 10 հոգով մնացած Լատվիայի դարպասին։

Հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Պետրակովը պատասխանատվությունն իր վրա վերցրեց, բայց և շեշտեց՝ իր սաների մոտ տրամադրվածության խնդիր էր նկատել։

Շատ երկրպագուներ, մարզական լրագրողներ ու ֆուտբոլային աշխարհի աշխարհի այլ ներկայացուցիչներ պարտության գլխավոր պատճառը հենց սա են համարում՝ տղաներն ամբողջ ուժով չէին խաղում։

«Պետրակովն էլ հետխաղային ասաց, որ տղաները կարծես տրամադրվածության խնդիր ունեին ու փորձում էին կես ուժով, կես ուտքով դուրս գալ և հաղթել Լատվիային, ինչը, բնականաբար, չէր կարող ստացվել, որովհետև Լատվիան թույլ հավաքական չի», - ասում է Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը՝ հավելելով՝ տպավարություն կար, թե հավաքականը չափից ավելի ինքնավստահ էր, որ ցանկացած պարագայում հաղթելու են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրո-2024-ի ընտրական մրցաշար․ Հայաստանը պարտվեց Ռիգայում

«Առաջին խաղակեսում երկու շատ ռեալ գոլային պահ ունեցանք, և Տիգրան Բարսեղյանը չկարողացավ խոցել մրցակցի դարպասը։ Կարծես հիասթափություն նույնիսկ ես չտեսա նրա դեմքին, որովհետև տղաները վստահ էին, որ կարողանալու են իրենց գործն անել, կարողանալու են իրենց գոլերը խփել, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։

Լատվայի հետ խաղից հետո կոշտ արտահայտվեց ընտրանու նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը. «Քննադատություն հնչեցնում եմ ոչ թե սխալների, այլ այն այն բանի համար, որ գերպատրաստված ֆուտբոլիստները իրենց կարող են թույլ տալ 30%-ով տրվել խաղին», - իր ֆեսբուքյան էջում գրեց նախկին ֆուտբոլիստը՝ խաղադաշտում տեղի ունեցածն անընդունելի որակելով։

Այս խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Հայաստանի հավաքականն ավելի թույլ մրցակիցների հետ լուրջ խնդիրներ է ունենում, արձանագրում է Մհեր Խուդավերդյանը. - «Մեզնից թույլ հավաքականների դեմ պետք է խաղանք առաջին համարով, ինչը ոչ միշտ է մեզ մոտ լավ ստացվում»։

Ընտրական խմբում անակնկալները Հայաստանի պարտությամբ չավարտվեցին։ Խմբի բացահայտ ֆավորիտը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան երկու անընդմեջ պարտություն կրեց, նախ զիջեց Թուրքիային, հետո նաև Ուելսին ու գուցե չկարողանա խմբից դուրս գալ։ Թուրքիայի ընտրանին, մինչդեռ, հավաքելով 16 միավոր, արդեն իսկ ապահովել է իր տեղը հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Ընտրական խմբերից դուրս են գալիս առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները։ Ուելսն ու Խորվաթիան այժմ տասական միավոր ունեն, Հայաստանը 7 միավորով չորրորդն է և չնայած ձախողմանը դեռ որակավորվելու շանսերը չի կորցրել։ Խմբից դուրս գալու համար պետք է հաղթել մրցաշարի վերջին երկու խաղերում՝ Երևանում Ուելսին և մրցակցի հարկի տակ Խորվաթիային։ Ընդ որում, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներին պետք է հաղթել առվազն երկու գնդակի տարբերությամբ, քանի որ երևանյան խաղը խորվաթները 1-0 հաշվով հաղթել էին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՈւԵՖԱ-ն հրապարակեց մայրցամաքի ֆուտբոլի առաջիկա առաջնությունները հյուրընկալող երկրների անունները

Որակավորվելու այլ սցենարներներ էլ կարող են լինել։ Չնայած այս հաշվարկներին Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը շեշտում է՝ հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղը, սրանք դատարկ հույսեր են։

Ուելսի հետ հանդիպումը նոյեմբերի 18-ին է Երևանում։ Թիմերի միջև ամռանը կայացած առաջին խաղում հաղթեց Հայաստանը 4-2 հաշվով։ Երեք օր անց էլ հավաքականը կհյուրընկալվի Խորթավիային։