Եվրախորհրդարանում վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթին արձագանքել են և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում, երկուսն էլ՝ կոշտ։
Փաշինյանը շատ արագ տեմպով գնում է Ուկրաինայի նախագահի հետքերով, պետական ТАСС-ին ասել է ռուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հրապարակվում։
«Փաշինյանի ելույթը համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես այն մասով, որ վերաբերում է Ռուսաստանին և հայ-ռուսական հարաբերություններին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Երևանից, մինչդեռ, հնչում են հավաստիացումներ, որ Հայաստանում վեկտորի փոփոխության հարց չկա։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Եվրախորհրդարանում վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթին՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը ասել է. - «Ոչ, վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետև վեկտորն ուղղված է դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ապահովում, և այդ տեսանկյունից ես չէի ուզենա հարցերը դիտարկել։ Վեկտորը մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անկախության ապահովումն է»։
Խանդանյանը հավելել է, թե Փաշինյանի երեկվա լավ ելույթում որևէ սադրանք չի տեսնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայից պնդում են՝ փորձ է արվում «Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա»Երեկ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անվտանգային ոլորտի դաշնակիցները չեն օգնել, փոխարենը Հայաստանում իշխանափոխություն անելու հրապարակային կոչեր են հնչեցրել։
«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», - ասել է Հայաստանի վարչապետը:
Ոչ Կրեմլը, ոչ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունը մինչև այս պահը դեռ չեն արձագանքել, միակ արձագանքը անանուն բարձաստիճան պաշտոնյայի խոսքերն են, որ մեջբերում են ՏԱՍՍ ու ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունները։
«Տեսնում ենք՝ ինչպես են փորձում Հայաստանը դարձնել Ուկրաինա», - ասել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով, թե ովքեր են փորձում և ինչպես։
Բաքուն էլ, արձագանքելով Հայաստանի վարչապետի ելույթին, պնդել է, թե այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է՝ «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։
Ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, թե իբր Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։
Մինչդեռ, Հայաստանի վարչապետը երեկ Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե եկել է խաղաղության ուղերձով և շարունակելու է այդ օրակարգը։ Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանը դեմ է արտատարածքային միջանցքին, բայց պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը։
Վարչապետը երեկ եվրոպական ամբիոնից մտավախություն էր հայտնել, որ Իլհամ Ալիևը մինչ օրս չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և «միջանցքի» հարցը կարող է դարձնել Հայաստանի դեմ նոր հարձակման և տարածքներ գրավելու պատրվակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. ՓաշինյանԻ պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին պնդել է, թե իբր Հայաստանը չի ուզում մասնակցել տարածաշրջանի ապաշրջափակման նախագծերին։ «Հայաստանը քաջատեղյակ է, որ պարտավորվել է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անխոչընդոտ շարժը և անվտանգությունը, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Ցավոք, բաց է թողնում այդ հնարավորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» համարՀայաստանի և տարածաշրջանի համար ոչ ցանկալի սցենարներից զգուշացնում է նաև Վրաստանի նախկին նախագահը։ Միխեիլ Սաակաշվիլին այսօր դիմել Փաշինյանին՝ հորդորելով արագորեն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։
«Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Մերձբալթյան երկրների պես՝ բաց սահմաններով», - գրել է Սաակաշվիլին, չհստակեցնելով՝ պատրա՞ստ է դրան Ադրբեջանը, և արդյոք միայն Փաշինյանի հայտարարությունն է պակասում այդ հեռանկարին։
Այս ամսվա սկզբին՝ Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումից ու հայաթափումից հետո Սաակաշվիլին սոցիալական ցանցերում շնորհավորել էր Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ և պնդել, թե հիմա՝ Արցախի ինքնալուծարումից հետո, տարածաշրջանում նոր հեռանկարներ են բացվել։ Նույնը նա գրել է նաև այսօր Հայաստանի վարչապետին հասցեագրված բաց նամակում։
«Դուք պետք է պահանջեք, որ ռուսական բազան անհապաղ հեռանա Հայաստանից, դուրս գաք ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից և հայտ ներկայացնեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։ Պետք է շտապեք, ցանկացած կասկած մի կողմ դնեք, գնաք վա-բանկ», - պնդել է Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ ազատազրկված է՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին խորհուրդներ է տալիս Փաշինյանին