Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է՝ ղարաբաղյան հակամարտության թեման մեկընդմիշտ փակված է, «անջատողականների» գրքի վերջին էջը շրջված է։ Այս մասին Ֆիզուլիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ Բաքուն այդ նպատակին հասել է ռազմական ճանապարհով։
«Շատերն էին կրկնում, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք ցույց տվեցինք, որ ունի, վերջերս էլ ևս մեկ անգամ ցույց տվեցինք՝ այդ թեման փակված է», - ասել է նա։
Ադրբեջանի առաջնորդն ակնհայտորեն նկատի ուներ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ռազմական գործողությունները, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը տեղահանվեց, ադրբեջանական բանակը լիակատար վերահսկողություն հաստատեց ամբողջ Արցախի նկատմամբ։
«Ղարաբաղյան հակարտության թեման մեկընդմիշտ փակված է։ Անջատողականների գիրքը վերջնական կերպով փակված է։ Սա մեծ երջանկություն է»,- ասել է Իհամ Ալիևը՝ իր խոսքում բազմիցս ընդգծելով վերջին երեք տարվա ընթացքում ադրբեջանական ձեռքբերումներում բանակի վճռորոշ դերը։
Հենց ուժի կիրառման պատճառով Բաքվի հասցեին Արևմուտքից հնչող քննադատություններին անուղղակի արձագանքելով՝ Ադրբեջանի նախագահը դրանք որակել է անհիմն և հայտարարել՝ իր համար ինչ-որ մի քանի տասնյակ երկրներ չեն կարող կոչվել միջազգային հանրություն։
«Այսօր որոշներն ասում են, թե մենք խաբել ենք միջազգային հանրությանը։ Դա ընդհանրապես այդպես չէ։ Մի խումբ պետություններ իրենց համարում են միջազգային հանրություն։ Աշխարհում երկու հարյուրից ավելի պետություն կա, այնպես որ 20-30 պետություն չի կարող համարվել միջազգային հանրություն», - շեշտել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան
Ալիևը նաև պնդել է՝ Բաքուն ռազմական գործողություններ է իրականացրել իր «հարազատ հողի վրա՝ արդարացիորեն վերականգնելով իր ինքնիշխանությունը»։
«Այպես որ, ոչ ոք իրավունք չունի մեզ մեղադրելու»,- հավելել է Ադրբեջանի առաջնորդը։
«Մենք կվերադառնանք Զանգեզուր, բայց խաղաղ ճանապարհով»
Իլհամ Ալիևը նաև այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման չի շրջանցել և անհիմն է որակել նաև Բաքվի և Անկարայի այդ պահանջի վերաբերյալ քննադատություններ։ Այդուհանդերձ, նա հայտարարել է՝ «ադրբեջանցիները կվերադառնան այդ տարածք». - «Իհարկե, մենք կվերադառնանք Զանգեզուր, բայց խաղաղ ճանապարհով։ Ես արդեն ասել եմ՝ որոշները մեզ ցանկանում են մեղադրել դրա համար, բայց ես ասել եմ՝ մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերի վրա, այլ ավտոմեքենաներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը նորից խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արիֆ Յունուսով. Վերաինտեգրման ծրագիրը նախատեսված չէ հայերի համար
Իլհամ Ալիևը Ֆիզուլի է ժամանել Ստեփանակերտից, որտեղ անցած օրերին ադրբեջանական դրոշն էր բարձրացրել հայաթափված քաղաքում և նշել՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այլևս վերականգնված է»։
Ուժի կիրառումն անընդունելի է. ԱՄՆ պետդեպ
Turan գործակալության թղթակիցը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումն է փորձել հստակեցնել այդ իրադարձության վերաբերյալ:
«Ինչպես մենք արդեն ասել ենք, ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսություն է անհրաժեշտ այդ ձգձգված հակամարտության լուծման համար»,- ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի գրավոր խոսքն է մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցի թղթակիցը։
ԱՄՆ պետքարտուղարությունը միաժամանակ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել՝ հորդորելով երկու երկրների ղեկավարներին հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության, որը կապահովի բոլորի իրավունքների պաշտպանությունը։ Այսօր Բաքվին նույն հորդորն են արել նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության պատասխանատուները, որոնք հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան
Խաղաղության մասին Արևմուտքից հնչող հորդորների ֆոնին՝ Բաքուն պատրաստվում է Թուրքիայի հետ հերթական լայնածավալ զորավարժություններին։ Հաջորդ շաբաթ Բաքվում, Նախիջևանում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երկու երկրների զինված ուժերը համատեղ մարտավարական վարժանքներ կանցկացնեն՝ ավիացիայի մասնակցությամբ։ Այլ մանրամասներ կողմերը դեռևս չեն հաղորդում։
Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ծախսերը
Մինչ այդ Ադրբեջանի ռազմաօդային ուժերն այսօր ավարտել են ուղղաթիռային ստորաբաժանումների վարժանքները, որի ընթացքում օդ բարձրացած ուղղաթիռները, ըստ պաշտոնական հաղորդագրության, օդային հետախուզություն են իրականացրել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախները հայտնաբերելու նպատակով։
Ալիևի վարչակազմը, որը Երևանին քննադատում է սպառազինության ձեռքբերման ցանկացած գործարքի կապակցությամբ և պնդում, թե նման քայլերով հայկական կողմը տորպեդահարում է հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարը, զուգահեռաբար մեծացնում է իր ռազմական ծախսերը։ Turan-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով միայն պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը կհատկացնի մոտ չորս միլիարդ դոլար, ինչը ավելի քան երկու հարյուր միլիոնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումների համեմատ։