Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Ո՞վ հանձնեց Արցախը՝ նախկին նախագահնե՞րը, որոնք այսօր ադրբեջանական բանտերում են, խորհրդարանով ընտրված վերջին նախագա՞հը, թե՞ այլ ուժեր։ Լրագրողների հետ ճեպազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր մասնակցում էր վառելանյութի գործով իր դատավարությանը, ստույգ պատասխան չտվեց, պնդեց՝ աշխարհը գիտի՝ ում վրա են այսօր մեղքի սլաքներն ուղղված։

«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար, նա ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են արել, ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Սա մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ վերջին խորհրդարանով ընտրված նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր, այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնայի՞ն թուրքի փայ», - ասաց Սերժ Սարգսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն վերջնագիր էր ներկայացրել՝ սպառնալով մտնել Ստեփանակերտ». ինչո՞ւ ստորագրվեց Արցախը լուծարելու հրամանագիրը 

Իր դատավարության մեկնարկին՝ 2020թ.-ի փետրվարի 25-ին, 44-օրյա պատերազմից փաստացի 7 ամիս առաջ, հենց այս դատարանի բակում Սերժ Սարգսյանը, դիմելով իր աջակիցներին, հայտարարեց՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ հենց այդ ժամանակ հնչեց այդ հայտարարությունը, ի՞նչ հիմքեր կային՝ այդ ժամանակ կասկածի տակ դնելու Արցախի հայկական գոյությունը։ Սերժ Սարգսյանն այսօր ասաց. - «Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար Արցախի էջը փակված չէ, շանս տեսնում եմ… Այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումը իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանությունները և Ղարաբաղի՝ Արցախի նախկին իշխանությունը։ Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»։

Ճշտմանը՝ Արայիկ Հարությունյանի՞ն նկատի ունի, արձագանքեց. - «Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք անվանական չխոսենք»։

Դիտարկմանը, որ հենց նախկին իշխանություների, այդ թվում՝ իր նախագահության օրոք վարած բանակցությունների հետևանք է այս ամենը, երրորդ նախագահը հարցին ուղիղ չպատասխանեց՝ հիշեցնելով՝ Կազանում հենց Ալիևը հրաժարվեց փաստաթուղթ ստորագրել։ Առհասարակ, ըստ Սարգսյանի՝ բոլոր առաջարկներին միշտ ընդդիմացել է Ադրբեջանի նախագահը. - «Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի այդ փոխզիջումային տարբերակից չի եղել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել. Փաշինյան

Անդրադառնալով այսօր Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որը, լրագրողի ձևակերպմամբ, կարծես, «խաղաղություն ու տարածքային ամբողջականություն էր խնդրում Արևմուտքից», երրորդ նախագահն ասաց՝ պետության թիվ մեկ խնդիրը խնդրելը չէ, այլ իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելը։ Դիտարկմանը՝ արդյոք ժողովրդավարությամբ հնարավոր չէ ապահովել այդ անվտանգությունը, Սերժ Սարգսյանը կասկածի տակ դրեց պնդումը, թե Հայաստանում այսօր ժողովրդավարություն կա. - «Բայց Ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չի։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարն ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։

Դատական նիստի ընթացքում ապացույցներ հետազոտվեցին։ Հայաստանը տասը տարի ղեկավարած նախագահը հերքում է մեղադրանքը, թե կազմակերպել է պետբյուջից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։