Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ կալանքի տակ գտնվող, «այսպես կոչված, ղարաբաղյան անջատականների առաջնորդներն արժանի պատիժ են կրելու»
Այդ մասին Ալիևը հայտարարել է Ստեփանակերտում՝ Ադրբեջանի պետական դրոշի բարձրացման արարողությունից հետո:
Ալիևը վիրավորական և հեգնական մեկնաբանություններ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարների՝ այսօր Բաքվի բանտում պահվող Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հասցեին:
«Ադրբեջանի դրոշը ծածանվում է Խանքենդիում (Ստեփանակերտում), և դա պետք է նրանց համար դաս լինի»,- ասել է Ալիևը:
Ալիևը նշել է, որ «ղարաբաղցի անջատականները» երբեք ուշադրություն չեն դարձրել իր նախազգուշացումներին այն մասին, որ «Ադրբեջանը վաղ թե ուշ կա՛մ դիվանագիտական, կա՛մ զենքի ուժով կազատագրի Ղարաբաղը»:
«Նրանք կարծում էին, թե իմ ասածը դատարկ խոսքեր են: Ոչ: Այն ամենն, ինչ ասել եմ՝ իրականացրել եմ, դա բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան Հայրենական պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները»,- հայտարարել է Ալիևը:
Նա դատապարտել է նաև արևմտյան երկրներին, ասելով, որ երբ հայերը գրավում էին Ադրբեջանի հողերը, ոչ մի երկիր Ադրբեջանին չսատարեց, բարոյական աջակցություն չցուցաբերեց:
«Տեսեք, թե այսօր որ երկրներն են առավել թշնամաբար տրամադրված Ադրբեջանի նկատմամբ՝ հենց այն երկրները, որոնք 1992-93 թվականներին աջակցեցին Հայաստանին, դրդեցին օկուպացիայի, աջակցեցին օկուպացիային ու արդարացրին այն, 30 տարում ոչինչ չի փոխվել»,- ասել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Ադրբեջանցի ժողովուրդն այնպիսի հաղթանակ նվաճեց, որը հավերժ կմնա մեզ հետ»