«20 տարի առաջ սկսելով կատարել իմ պաշտոնեական պարտականությունները որպես նախագահ՝ ես իմ առջև թիվ մեկ խնդիր դրեցի, որ այն ժամանակ օկուպացիայի տակ գտնվող բոլոր տարածքներում, բոլոր հողերում, բոլոր քաղաքներում ու գյուղերում բարձրացվի Ադրբեջանի դրոշը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այսօր ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում իր երկրի դրոշը բարձրացնելուց հետո:
«Ամեն օր, ամեն ժամ մենք գնում էինք դեպի այդ սուրբ նպատակը: Մենք ամեն օր մոտեցնում էինք այդ սուրբ պահը, և ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքով պետք է մոտեցնի այդ օրը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:
«Գլխավոր պատճառը, որ մենք այսօր այստեղ ենք, ադրբեջանցի ժողովուրդն է, Ադրբեջանի որդիները: Մենք այնպիսի երիտասարդ սերունդ ենք աճեցրել, որը պատրաստ էր գնալ մահվան և գնում էր հանուն հայրենիքի, հանուն հողի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա «մեծ երջանկություն և պատմական իրադարձություն» է որակել Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը և վստահեցրել. - «Այս հաղթանակը հավերժ կմնա մեր պատմության մեջ: Գալիք սերունդները միշտ և իրավամբ հպարտանալու են այս հաղթանակով»:
«Մենք վերականգնեցինք ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը: Մենք վերադարձրինք մեր հողերը, վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը և միաժամանակ վերականգնեցինք մեր արժանապատվությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
«Ես արեցի այն, ինչ ասել եմ, բոլորը գիտեն դա, այդ թվում Հայաստանում, և մոռանալ դա պետք չէ», - ընդգծել է Ալիևը՝ խորհուրդ տալով «չմոռանալ Հայրենական պատերազմը, չմոռանալ հակաահաբեկչական գործողությունը». - «Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր դիտի այս կադրերը»:
Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանտում գտնվող երեք նախկին նախագահները, Ալիևի խոսքով, «սպասում են արժանի պատժի»:
Ադրբեջանի նախագահը նաև խորհրդանշական է համարել իր՝ Ստեփանակերտի կենտրոնում գտնվելը հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի տարում:
Այսօր լրանում է Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիև. «Ղարաբաղի անջատականների առաջնորդներն արժանի պատիժ են կրելու»Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել Ստեփանակերտում