Ուժի կիրառումն անընդունելի է, Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ պատասխանելով Politico-ի հրապարակման վերաբերյալ «Ամերիկայի ձայն»-ի հարցին:
«Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար», նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»:
Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:
«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր [զինված] ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը չի բացառում առաջիկա շաբաթներին Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան. Politico