Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով միասին պաշտոնական տվյալներով շուրջ 500 արցախցի է զոհվել։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Արցախի Ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ ռազմական գործողություններից զինվորականների շրջանում զոհերի թիվն անցնում է 200-ից։ Ադրբեջանի կողմից քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու հետևանքով ավելի քան 2 տասնյակ մարդ է զոհվել։ Գրեթե նույնքան մարդ էլ այս պահի տվյալներով զոհվել է սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունից։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ը անճանաչելի են։
Զոհերի աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժշկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացում իրականացնելու համար։ Կան նաև 50 -ից ավելի անհետ կորածներ։
Ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգական պայթյունը և ինչո՞ւ Արցախի իշխանությունը չէր վերահսկում բենզինի պահեստում ստեղծված քաոսային իրավիճակ։ Հունան Թադևոսյանը պատմում է, որ ողբերգական պայթյունի օրն արդեն իսկ արցախցիները մասսայաբար լքում էին իրենց հայրենիքը, բոլորը ժամ առաջ փորձում էին դուրս գալ Ստեփանակերտից, քանի որ մարդիկ վախենում էին, որ ադրբեջանական զինուժը ամեն պահի կարող է քաղաք մտնել։
«Շտապում էին րոպե առաջ դուրս գալ և փրկել իրենց ընտանիքները, քանի որ պաշարման հետևանքով վառելիքի պակաս կար, այդ տարածքը, որտեղ գտնվում էր վառելիքի պահեստը Պաշտպանության բանակի ռեզերվն էր, բանակը կազմաքանդելուց հետո պետությունը որոշել էր, որ այդ ունեցած վառելիքը տեղափոխվի լցակայաններ, այնտեղ հերթով մարդկանց տրամադրվի, բայց մեր բնակիչները իմանալով, որ այդտեղ կա բենզին, գնացել են, հողի տակ էր, այդ տարածքում մոտ 600 մարդ է եղել, ասում են: Կազմակերպչական որևէ աշխատանք պետության վրա չի եղել, պետությունը հակառակը՝ ուզում էր այդ վառելիքը տեղափոխել լցակայաններ, բայց այդ օրը մարդիկ գնացել էին ու դույլերով, ով ինչով կարող էր... ուզում էր դուրս բերել իր ընտանիքը», - ասաց Թադևոսյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ Ոստիկանություն չկա՞ր այդ ժամանակ արդեն, ՆԳՆ խոսնակը պատասխանեց. - «Կար, բայց այնտեղ վերահսկող պարեկային ծառայություն չկար, որովհետև շատ անսպասելի է եղել, չենք հասցրել համակարգել: Ոչ թե նրա համար, որ ժամանակ չունեինք, այլ մարդիկ ինքնագլուխ որոշել էին, և իրենք են դա այդպես կազմակերպել ու տեղի է ունեցել պայթյունը»:
Թադևոսյանը նշեց, որ որպես պատճառ առաջ են բերվում տարբեր վարկածներ, բայց հիմնականը մնում է անվտանգության կանոնների չպահպանումը. - «Սուր գործիքներով փորձել են ծակել մի առանձին տարա, մյուս տարայի վերևից դույլերով հանում էին ծխախոտը բերանին, այսինքն, քաոսային վիճակ էր այնտեղ, և մարդիկ շատ էին հավաքվել իրեր վրա»:
Արցախի Ներքին գործերի նախարարության խոսնակն ասում է, որ սեպտեմբերի 25-ը Արցախի բլոակադայի, ռազմական գործողությունների և տեղահանության այդ բարդ շրջանի թերևս ամենածանր օրն էր։ Պայթյունից զոհվեց գրեթե այնքան մարդ, որքան ռազմական գործողություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ըստ ականատեսների՝ հարյուր մարդ ամբողջությամբ մոխրացել է»․ ի՞նչն է ողբերգական պայթյունի պատճառը«Գիպիսի Միշիկը, ալկոհոլի սիրահարներ և մեկ ռուս կին». Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել
Հունան Թադևոսյանը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1 -ին, երբ արդեն գրեթե բոլոր արցախցիները լքել էին իրենց հայրենիքը։ Նրա փոխանցմամբ՝ Արցախում անհետ կորածների որոնողական աշխատանքները ավարտելուց հետո հոկտեմբերի 4 -ին Հակարիի կամրջով Ստեփանակերտը վերջինը լքել են ՆԳՆ նախարարը, Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենն ու փրկարարական 2 և ոստիկանական 1 թիմ։
Թադևոսյանը վստահեցնում է ՝ Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 մարդ. - «Մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, մի մասն էլ անճար մարդիկ էին, ուզում էին մնալ իրենց քաղաքում և տարհանման պահին ասում էին՝ սա իմ հողն է, և ես ուզում եմ այստեղ մեռնել, նաև կային ադեկվատ մարդիկ»:
Ադրբեջանական լրատվամիջոցները օրերս տեսանյութ և կադրեր էին հրապարակել, նշելով, թե Ստեփանակերտում 30 մարդու համար աջակցության կենտրոն են բացել, որի ծառայություններից օգտվել է 11 անձ։ Հրապարակված կադրերում Հունան Թադևոսյանը ոմանց ճանաչել է։
«Ես այդտեղից մեկ հոգու եմ ճանաչում, Ստեփանակերտում հայտնի Գիպսի Միշիկն է, գիպսերով գեղեցիկ գործեր էր ստանում, նաև խմելու հետ սեր ունեցող մարդ էր, իմ հայրենակիցներն ասացին, որ այդ կադրերում մեծ մասը ալկոհոլի սիրահարներ էին, ովքեր մնացին այդտեղ, տարեց կին կար, ասացին, ազգությամբ ռուս է», - նշեց Թադևոսյանը:
Արցախի ՆԳՆ խոսնակը տեղյակ չէ՝ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Հունան Թադևոսյանը միայն հաստատեց, որ Գալստյանը իր ցանկությամբ կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքվից պնդում են՝ նորանոր հայեր են դիմում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար