Սաուդյան Արաբիայի իշխանությունները Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմին փոխանցել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցնելու որոշման մասին։ Այս մասին, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է Bloomberg լրատվական գործակալությունը:
Երեկ Սաուդյան Արաբիա է ժամանել ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն, ով նախագահ Բայդենի կարգադրությամբ Մերձավոր Արևելք է մեկնել Իսրայելի և «Համաս»-ի միջև արյունալի հակամարտության կապակցությամբ:
Դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Ալ-Ռիադը դադարեցրել է հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական աշխատանքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ օրը մեկնարկած հակամարտության ընթացքում Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և շրջափակել է այդ տարածքը:
Ըստ Bloomberg-ի, Սաուդյան Արաբիայի որոշումը «լուրջ հարված է նախագահ Ջո Բայդենի հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը, քանի որ Վաշինգտոնը մտադիր էր նպաստել տարածաշրջանում հարաբերությունների բարելավմանը»:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Սաուդյան Արաբիան դադարեցրել է հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորումը։ Համապատասխան բանակցությունները հետաձգվում են։
Reuters-ի մեկ այլ զրուցակից ասել է, որ Վաշինգտոնն օրերս կոչ է արել Ալ-Ռիադին դատապարտել «Համաս» շարժման գործողությունները, սակայն թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը մերժել է կոչը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը ժամանել է Իսրայել