Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելուց հետո ռուսական խաղաղապահ զորախումբն արդեն առանց կասկածի հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, որ ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում ֆորմալ առումով պետք է մնա մինչև 2025 թվականի նոյեմբեր, սակայն Արցախի հայաթափումից հետո «գործընկերների հետ պետք է որոշեն՝ ինչ անել առաջիկայում»։
«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց կասկածների, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ իհարկե, հիմա, ուղիղ ասեմ՝ հայ բնակչության ծանր ելքից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է», - հայտարարել է Պուտինը և հիշեցրել, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին՝ մինչև Պրահայի հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէր։
Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ «թեման փակվել է» այն պահին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք և նշել այդ տարածքի չափսերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն այլևս պատճառ չի տեսնում, որը կարող էր խոչընդոտել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը