ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում տեղի ունեցածից հետո այլևս պատճառ չի տեսնում, որը կարող էր խոչընդոտել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է, ես ուղղակի չեմ տեսնում խնդիրներ, որոնք այժմ կարող են խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը, Ղարաբաղյան իրադարձություններից հետո», - հայտարարել է ՌԴ նախագահը։
Կրեմլի ղեկավարը միաժամանակ խոստովանել է, որ դեռ կան զուտ տեխնիկական բնույթի խնդիրներ սահմանների, սահմանազատման, սահմանագծման հետ կապված». - «Բայց դրանք տեխնիկական, կարծում եմ, հարցեր են․ 100 մետր մի կողմ, կիլոմետր դեպի մյուսը. դա այլևս կարևոր չէ»:
«Երկու կողմում բարի կամքի դեպքում այդ ամենը կարելի է անել։ Եվ ձեռնարկել հաջորդ քայլերը, ինչպես և ժամանակին պայմանավորվել էինք՝ առևտրատնտեսական կապերի զարգացման, ենթակառուցվածքային նախագծերը միմյանց կցելու հարցով», - ասել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարը, հերթական անգամ խոսելով ղարաբաղյան հակամարտության բանակցային անցյալի մասին, հիշեցրել է, որ Բաքուն և Երևանը բազմիցս «մոտ են եղել» համաձայնությանը, շեշտել է՝ նույնիսկ հանրաքվեի հարց են քննարկել: «Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց ուզում եմ ասել, որ մենք նախորդ տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղի շուրջ համաձայնության», -ասել է ՌԴ նախագահը։
«Պայմանավորվել էինք, որ հանրաքվե պետք է անցկացվի, բայց մի կողմն ասում էր, որ չի կարող նշել այս հանրաքվեի ժամկետը, դա Ադրբեջանն է, հայկական կողմը, ընդհակառակը, պնդում էր, որպեսզի հանրաքվեի օրը որոշվի, իսկ այդ հանրաքվեին էլ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը», - պարզաբանել է Պուտինը։