Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը վստահեցրեց՝ եթե արցախցիները որևէ պատճառով իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, ապա կառավարության քաղաքականություն է՝ ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։
«Մենք ուզում ենք, որ բոլորն առանց բացառության մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հաստատեց, որ արցախցիներից ոմանք իրենց հայրենիքը լքելուց հետո նաև հեռանում են Հայաստանից։ Փաշինյանը հույս հայտնեց, որ հետագայում նրանք կվերադառնան։
«Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ինչքան մարդ է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել, և ես հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին հարազատներին՝ ինչ-որ ժամանակ այնտեղ անցկացնելու և վերադառնալու», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվելու է նույն քաղաքականությունը։ Կառավարությունը ժողովրդագրության, բնակարանների ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու ծրագրեր ունի։
«Թվում է, թե սրա մասին ասելու անհրաժեշտություն չկա էլ, բայց հաշվի առնելով մի շարք ազդակներ, հանգամանքներ, ես հարկ եմ համարում այս մասին շատ բարձր ու պաշտոնապես հայտարարել։ Դուք գիտեք, որ հենց ճգնաժամի օրերին տարածում էին մարդկանց շրջանում, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Հայաստանի Հանրապետությունը չէր ուզում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված լինի լքել իրենց տները, բայց եթե դա տեղի է ունեցել, մենք գործով ապացուցեցինք, որ նույնպիսի գորովանքով ենք վերաբերում Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրների կարիքներին, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բնակության ծախսերի աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից տեղահանվածների համարԿառավարության նիստում Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախից տեղահանված մարդկանց ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առանց բացառության 100 հազարական դրամ գումարների փոխանցումը շարունակվում է։ Տեղահանված ավելի քան 56 հազար մարդ արդեն իսկ ստացել է այդ օգնությունը։
Վարչապետն ասաց, որ այս փուլում կարողանում են արցախցիների խնդիրները լուծել, բայց միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունեն։ Արտերկրի գործընկերները արդեն իսկ պատրաստակամություն հայտնել աջակցել Հայաստանին՝ տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Մերձավորարևելյան ուղղությամբ իր փոքր ներկայությունը Փարիզը փորձում է փոխհատուցել արցախյան խնդիրը բարձրացնելով. Բադալյան
Մինչ Հայաստանը խոստանում է ամեն ինչ անել, որպեսզի արցախահայերը իրենց հայրենիքը կորցնելուց հետո Հայաստանն էլ չլքեն, Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին բանաձև է նախաձեռնում։
Արտգործնախարար Կատրին Կոլոննան երեկ Ֆրանսիայի Սենատում ելույթի ժամանակ շեշտել է, որ այդ վերադարձը պետք է տեղի ունենա «երաշխիքներով և միջազգային մշտական ներկայությամբ»։
«Մենք նոր քննարկում ենք նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այսօր ԱԽ-ին խնդրում ենք պատասխանատվություն ստանձնել բանաձևի համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հնարավոր վերադարձի պայմաններ ստեղծել։ Այո, Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակչության ելքը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի մասին բանաձև է նախաձեռնումՈրքանո՞վ է հավանական, որ Ֆրանսիայի այս մի նախաձեռնությունը հաջողություն կունենա, և ՄԱԿ- ի մշտական 5 անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը այս հարցի շուրջ համաձայնության կգան, ինչը կարտահայտվի Անվտանգության խորհրդի բանաձևով։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նման նախադրյալներ չի տեսնում, միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիան այս նախաձեռնությամբ հանդես է գալիս իսրայելա-պաղեստինյան թեժացող պատերազմի ֆոնին։ Ըստ Բադալյանի՝ Ֆրանսիայի այս քայլը ունի տակտիկական նշանակություն՝ մերձավորարևելյան ուղղությամբ իր փոքր ներկայությունը Փարիզը փորձում է փոխհատուցել արցախյան խնդիրը բարձրացնելով։
«Շատ կարևոր է, որպեսզի Ֆրանսիան իր նախաձեռնությունն առաջ մղի հենց փոխհամաձայնություն ստանալու և ոչ թե պարզապես նախաձեռնությունը քաղաքական ինչ-որ այլ սակարկությունների ենթակա դարձնելու տրամաբանությամբ: Եթե բանաձևի նախաձեռնությունը լինելու է, բայց չի բերելու որևէ արդյունքի, ապա այդտեղ արդեն նախաձեռնողները գուցե ինչ-որ հարցեր կլուծեն, բայց մեզ այդ լուծումներից հազիվ թե որևէ արդյունք բաժին հասնի», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Պաշտոնական Բաքուն արդեն դատապարտել է Փարիզի նախաձեռնությունը՝ շեշտելով, թե Ֆրանսիայի արտգործնախարարության պնդումը, թե Ադրբեջանն է կազմակերպել հայերի ելքը Ղարաբաղից, հակասում է նաև Հայաստանի վարչապետի սեպտեմբերի 21-ին արած հայտարարությանը
Սեպտեմբերի 19 -ին Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից 2 օր հետո, վարչապետը Փաշինյանը ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա»։ Ավելի ուշ վարչապետի խոսնակն «Ազատությանը» պարզաբանել էր, թե Փաշինյանը տվել է այդ պահի գնահատականը և շեշտել, որ ցանկացած հաջորդ պահին իրավիճակը կարող է փոխվել։
Your browser doesn’t support HTML5