ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Իսրայել և Հորդանան, որտեղ կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ըստ հաղորդման՝ Բլինքենը «կկրկնի իր ցավակցությունը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումների զոհերի համար և խստագույնս կդատապարտի այդ հարձակումները»։
Բլինքենը նաև կքննարկի Իսրայելի անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և «կընդգծի Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելին»:
Ըստ The Times of Israel-ի՝ նախքան ինքնաթիռ նստելը, լրագրողների հետ ճեպազրույցում, Բլինքենն ասել է, որ Իսրայել է մեկնում՝ «Միացյալ Նահանգների նախագահի և Ամերիկայի ժողովրդի անունից շատ պարզ և հստակ ուղերձով՝ «ԱՄՆ-ն Իսրայելի կողքին է»։ «Իսրայելը միշտ մեզ հետ է եղել, այսօր մենք ենք իրենց հետ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենի օդանավը վայրէջք կկատարի Իսլայելում այսօր, ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նախագահ Իցհակ Հերցոգը և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։
6-րդ օրը շարունակվող պատերազմի հետևանքով Գազայի հատվածը ծանր հարվածների է ենթարկվում, շրջանի մի շարք թաղամասեր ավերակների են վերածվել, օդային հարվածների հետևանքով ավելի քան 200 հազար մարդ ստիպված լքել են իրենց տները։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազար 200-ը, վիրավորներինը՝ 10 հազարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաղեստինցիներն անանկալ հարձակում են իրականացնում Իսրայելի դեմ