65-ամյա Միշա Ջաբյանը Արցախից տեղահանվելիս համարյա ոչինչ չի վերցրել, թողած իրերից միայն կիթառների համար է սիրտը ցավում․ երեքից երկուսի համար այդպես էլ տեղ չգտնվեց Արցախ-Հայաստան երթուղու վերջին ավտոբուսում, որով Մարտակերտից Լոռու Գյուլագարակ են հասել։
Բայց իրեն մնացած վերջին կիթառն էլ հերիք է նույն ճակատագրով Գյուլագարակ հասած հայրենակիցների հետ երեկոները խարույկի շուրջը նստելու, մի քիչ ջերմանալու համար։
Միշան կորուստներից չի խոսում։ Կինն ու կիթառն այստեղ են՝ հերիք է։ Երգացանկում սերենադներն են գերակշռում։ Ասում է՝ ապրելու մշտական տեղ գտնեն, այստեղ էլ հարսանիքների պատվավոր հյուր կդառնա։
Ասում է՝ գաղթի ճանապարհին այնպես էր ուզում կիթառը ձեռքն առնել, որ գոնե մի պահ խախտեր ճնշող լռությունը՝ հետևում թողածի ափսոսանքով ու հետոյի մասին անորոշության տագնապով։ Բայց, կատակում է, կասեին՝ գիժ է։
Արցախի մասին պատմությունները, կրակին եռացող թեյնիկն ու մի քիչ հեռու՝ խոտի դեզին գլորվող երեխաները թարմացնում են Միշայի նորից ու նորից երգելու ցանկությունը։ Ասում է՝ դա է իրեն ուժ տալիս Կիթառն է ձեռքը վերցնում ու թե՝ «կարա՞մ երգեմ»։
«Ազատության» վիդեոռեպորտաժը․
Your browser doesn’t support HTML5