ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը ներգրավվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության գործում

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երեկ Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Արտգործնախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Գևորգյանը բարձր է գնահատել Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավումը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված փախստականներին տրամադրվող աջակցության ուղղությամբ։

Այս համատեքստում կարևորվել է նախօրեին՝ ՄԱԿ-ի և Գործընկերների կողմից հայտարարված՝ ԼՂ փախստականների կարիքներին համահունչ Հայաստանի կառավարությանը աջակցելու համատեղ կոչը։

Քննարկվել է ԼՂ փախստականների միջազգային պաշտպանության և աջակցության հարցերի լայն շրջանակ, ասված է հաղորդագրությունում։

Պաշտոնական վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախից Հայաստան է տեղափոխվել 100 հազար 632 մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում հաշվառվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 8 հազար 76 ընտանիք՝ 31 հազար 350 անձ․ ԱվինյանՀայաստան եկած ավելի քան 100 հազար արցախցիների 70 տոկոսը մարզերում է տեղավորվել