Ակտիվիստ Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Վարույթ է հարուցվել ոչ միայն Արթուր Չախոյանի հաղորդման հիման վրա, այլ նաև այն քաղաքացու, որին Չախոյանը մեղադրում է դանակով իր վրա հարձակվելու համար։ Ըստ ՔԿ-ի, վարույթները միացվել են՝ համատեղ քննություն կատարելու համար:
Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն Չախոյանը խլել է այն:
Ըստ հաղորդագրության, դանակով հարձակված անձի ինքնությունը պարզվել է, նա Երևան քաղաքի բնակիչ։
Քննչականը հայտնում է, որ նույն օրը, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևանի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նրա հետ: Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:
Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Նշված վարույթով ձերբակալված չկա։
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ հարձկաման է ենթարկվել և իր վրա 3 հարձակվողներից մեկին կարողացել է բռնել, մյուս 2 -ը դիմել են փախուստի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «էս պոդեզդում ինձ էիր ուզում ծեծե՞լ, դանակ էիր քաշո՞ւմ վրես». ակտիվիստը ահազանգում է իր վրա հարձակման մասին