Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը պնդում է՝ երեկ երեկոյան իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նա տեղեկացրել էր, որ իր վրա 3 հարձակվողներից մեկին կարողացել է բռնել, մյուս 2 -ը դիմել են փախուստի։
«Տուն գնալուց երեք հոգով եկան հարձակվան վրես, ծեծեցին երեք հոգով, եկել էին պոդեզդում ինձ էին ծեծում», - պատմեց Չախողյանը:
Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնի է քաղաքային իշխանությունների բացթողումների և չարաշահումների վերաբերյալ իր տեսանյութերով։ Վերջին օրերին նա անդրադարձել էր Երևանի քաղաքապետարանի կողմից նորոգված մանկապարտեզներին, ուղիղ եթերում ցույց տալով, որ դրանք արդեն իսկ վատ վիճակում են, իր պնդմամբ, քաղաքաշինական նորմերը չպահպանելու հետևանքով։
«Մանկապարտեզը հանձնվել ա շահագործման փետրվար ամսին, արդեն ճաքերի մեջ ա ու արդեն վերևի հատվածը քանդվել, պոկվել ա: Մանկապարտեզն ահավոր վատ վիճակում ա գտնվում», - նշել է նա:
Չախոյանը վերջին օրերին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետարանի բարեկարգման աշխատանքներին, որոնք նրա պնդմամբ՝ նույնպես կատարվում են անորակ ու շինարարական նորմերի խախտումներով։
Մեկ այլ աղմկահարույց տեսանյութ էլ ակտիվիստը հրապարակել էր Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ պնդելով, որ իշխանությունը քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս է օգտագործում: Տարածված տեսանյութում Չախոյանի հարցադրումներով էր հենց երևում, որ իշխանական թեկնածու Ավինյանի հանրահավաքին էին եկել տարբեր պետական հաստատությունների տասնյակ աշխատակիցներ
Ակտիվիստը իր վրա երեկ տեղի ունեցած հարձակման համար դեռ հրապարակավ որևէ մեկին չի մեղադրել, բայց միջադեպից հետո տարածված տեսանյութում լսվում է, թե հարձակվողներից մեկին ինչպես է հարցնում արդյո՞ք նրան Ավինյանն է ուղարկել։ Այսօր քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը ասուլիսում վստահեցրեց՝ տեղյակ չէ միջադեպից։
«Միանշանակ բռնությունը դատապարտում եմ, բայց քանի որ դեպքի մանրամասներն ծանոթ չեմ, չեմ կարող կոնկրետ մեկնաբանություն տալ, որովհետև անկեղծ ասած, ես ինքս չեմ հասկացել՝ ինչ է տեղի ունեցել», - ասաց Ավինյանը:
Միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։
Ընդորում՝ վարույթ է հարուցվել ոչ միայն Արթուր Չախոյանի հաղորդման հիման վրա, այլ նաև այն քաղաքացու, որին Չախոյանը մեղադրում է դանակով իր վրա հարձակվելու համար։
Ըստ կոմիտեի՝ Արթուր Չախոյանը հաղորդում է տվել, որ երեկ երեկոյան շքամուտքի մոտ 3 անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել և դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն:
Առերևույթ դանակով հարձակված անձն էլ, որի անունը չի հրապարակվում, ըստ կոմիտեի, ասել է, թե փորձել է հանդիպել Չախոյանի հետ, քանի որ լսել է, որ Ադրբեջանին տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ են ուղարկվում: Հանդիպման ընթացքում կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:
Ե՛վ Արթուր Չախոյանի, և՛ մյուս քաղաքացու հաղորդումների հիման վրա 2 առանձին վարույթ է հարուցվել, հետո դրանք միացվել են՝ համատեղ քննություն կատարելու համար:
Չախոյանը պնդում է՝ իր վրա հարձակված մարդկանց հետ զրույց չի ունեցել
Արթուր Չախոյանը մինչդեռ «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իր վրա հարձակված մարդկանց հետ զրույց չի ունեցել, նրանք պարզապես հարցրել են՝ Արթուր դո՞ւ ես, և հարձակվել։
«Ասեցին՝ Արթուր, չճանաչեցի՞ր, դրանից հետո մենակ հայհոյանքներ», - նշեց Չախոյանը:
Ակտիվիստը վստահ է հարձակման պատճառը իր հանրային գործունեությունն է, քանի որ ինքը պարբերաբար բարձրաձայնում է քաղաքային իշխանության անորակ շինաշխատանքների մասին:
«Անուն չեմ կարա հնչեցնեմ, բայց կասկածներ լիքը ունեմ», - ասաց Արթուր Չախոյանը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արթուր Չախոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով այս պահին ձերբակալված անձինք չկան։