«ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար

22։24

Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Նյու Յորքում, տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Իսրայելում և Գազայի գոտում իրավիճակի սրումը և արյունալի բախումները դադարեցնելու հնարավորությունը:

21։43

Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ ցնցված է պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։

Երևանը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

«Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում, որը տեղադրված է X-ի էջում։

19։42

Պաշտոնական Վաշինգտոնը միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական համայնքների դեմ։

Ընդգծելով, որ ահաբեկչությունը երբեք արդարացում չունի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է․ - «Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցություններն ենք հայտնում այս հարձակումների արդյունքում զոհված իսրայելցիների համար: Մենք սերտ կապի մեջ ենք մնալու մեր իսրայելցի գործընկերների հետ»։

Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, ասված է պետքարտուղարության հայտարարությունում։

17:02

«Այսօր առավոտյան Գազայի հատվածի մերձակայքում սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի կրած զոհերի թիվը հասնում է 40-ի, 740 մարդ վիրավորվել է», -հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական N12 հեռուտաալիքը։

Reuters-ը, սակայն, չի բացառում, որ զոհերի և վիրավորների թիվը առաջիկա ժամերին կարող է աճել։

Գործակալության լուսանկարիչը Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքից հաղորդել է, որ ավելի քան 30 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի փողոցներում «բազմաթիվ դիակներ կան»։

16։16

«Ալ-Արաբիա» համաարաբական հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի և պաղեստինցի արմատականների ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ է ինչ քննարկում են այսօրվա գործողության ընթացքում գերեվարված իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց ճակատագիրը։

«Ալ-Արաբիայի» տեղեկություններով՝ շփումները ընթանում են Գազայի հատվածից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իսրայելական Օֆակիմ քաղաքի մերձակայքում, որտեղ վաղ առավոտվանից փողոցային մարտեր էին ընթանում։

Մեկ այլ արաբական լրատվամիջոցի՝ «Ալ Հադաթ» հեռուստաընկերության տվյալներով, ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզ էդ Դին Ալ Քասամի» բրիգադների զինյալներին այսօրվա հարձակման ընթացքում հաջողվել է 35 իսրայելցի զինվորականների և խաղաղ բնակիչների գերեվարել, նրանց մեծ մասն արդեն իսկ տեղափոխվել է Գազայի հատված։

15:31

Իրանի իշխանություններն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնում ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի դեմ այսօր առավոտյան ձեռնարկված հարձակմանը։

«Մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին։ Մենք նրանց կողքին կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատագրել Պաղեստինն ու Երուսաղեմը», - իրանական ISNA գործակալության հետ զրույցում ասել է Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ռահիմ Սաֆավին:

15:26

Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատերազմող կողմերին զսպվածության կոչ է արել։

«Թուրքիան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության 4-րդ արտահերթ համագումարում։

Ոստիկանները տարհանում են կնոջն ու երեխային Գազայի հատվածից, 7-ը հոկտեմբերի, 2023թ.

14։36

«Ցավով ենք հետևում Իսրայելից եկող լուրերին», X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումները։

«Այս սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն լուծում։ ԵՄ-ն իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին այս դժվարին պահերին», - գրել է Բորելը՝ շեշտելով՝ «ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխատել կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։

«ՀԱՄԱՍ-ի հարձակումները խորը տառապանքներ են պատճառում իսրայելական ժողովրդին, մեծացնում լարվածությունը և խարխլում պաղեստինյան շահերը», - գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

13։30

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Արտգործնախարարությունը նշում է, որ մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ և, ըստ անհրաժեշտության, կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

13։20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ այսօր վաղ առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից երկրի հարավային շրջանների դեմ ձեռնարկված հարձակումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու։

«Սա պատերազմ է և մենք այդ պատերազմում հաղթելու ենք», - հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ «թշնամին աննախադեպ բարձր գին է վճարելու այս հարձակման համար»։

Իսրայելական աղբյուրները նկատում են, որ Նեթանյահուն երկրի դեմ ձեռնարկված աննախադեպ հզոր և համակարգված հարձակման մասին խոսել է գրեթե վեց ժամ շարունակված լռությունից հետո, որի ընթացքում ՀԱՄԱՍ խմբավորումը շուրջ 7 հազար հրթիռ է արձակել։

12։09

ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտին։

«ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել այսօր առավոտյան և պատերազմ սկսել Իսրայել պետության դեմ», - ասել է Գալանտին՝ հավելելով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կռվում է թշնամու դեմ ամեն վայրում», և «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայից Իսրայելի վրա ավելի վաղ «հրթիռների արձակման»:

Պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ այսօր առավոտյան Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։

«Սա ամենամեծ ճակատամարտի օրն է՝ վերջ դնելու երկրի վրա վերջին օկուպացիային», - հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը՝ հավելելով, որ "Operation Al-Aqsa Flood" օպերացիայի ժամանակ արձակվել է ավելի քան 5 հազար հրթիռ և արկ։

Աշկելոնը՝ հրետակոծությունից հետո, 7-ը հոկտեմբերի, 2023թ․

Ըստ BBC-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) նախնական զեկույցում ասվում է, որ «մի շարք ահաբեկիչներ» ներթափանցել են Իսրայելի տարածք Գազայի հատվածից, Գազայի հատվածի շրջակայքի բնակիչներին խնդրել են մնալ իրենց տներում։

Իսրայելի պաշտպանության բանակն X-իր էջում հայտարարել է, որ իսրայելցիներն այսօր առավոտյան արթնացել են ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունից: «Մենք պաշտպանվելու ենք»,- ասված է հայտարարությունում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնում է Թել Ավիվ, որտեղ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Պաշտպանության նախարարը լիազորել է պահեստազորայինների շտապ զորակոչ անցկացնել։

Մարդիկ Աշկելոնի փողոցներում՝ Գազայի հատվածից արձակված հրետակոծությունից հետո, 7-ը հոկտեմբերի, 2023թ․

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը նշում է Simchat Torah հրեական տոնը: Այն նաև հաջորդել է Հորդանան գետի Արևմտյան ափում ինտենսիվ մարտերին, որտեղ այս տարի իսրայելական ռազմական հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 200 պաղեստինցի: Պաղեստինցիների հարձակումները իսրայելական օբյեկտների վրա ավելի քան 30 մարդու կյանք են խլել։

BBC-ն, վկայակոչելով իսրեայելցի բժիշկներին, նշում է առնվազն մեկ իսրայելցի կին է զոհվել Գազայի հատվածից ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով։

Պաղեստինցի զինյալները խոցել են իսրայելական ռազմական մեքենան, Գազայի հատված, 7-ը հոկտեմբերի, 2023թ․

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը ամենալուրջն էր այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը 10-օրյա պատերազմ մղեցին 2021 թվականին։

Իսրայելը խիստ շրջափակման մեջ է պահում Գազայի հատվածը 2007 թվականից, երբ ՀԱՄԱՍ-ը գրավեց այդ տարածքը: Ապրանքների և մարդկանց տեղաշարժի սահմանափակումը մեծ վնաս են հասցրել Գազայի տնտեսությունը, սակայն Իսրայելն ասում է, որ անհրաժեշտ է թույլ չտալ, որ զենքը հասնի զինված խմբավորումներին։