9 տարեկան Ռիման ընդամենը մի քանի օր առաջ է երևանյան իր նոր դպրոցը մտել: Դասարանցիների հետ ընկերացել է, մեկը մյուսից լավ են իրեն ընդունել, բայց դեռ կարոտում է Ստեփանակերտի դպրոցը:
Արցախցի դասընկերներից տեղեկություն չունի՝ չգիտի ընկերները հիմա որտե՞ղ են, ի՞նչ են անում։ Ստեփանակերտից Երևան՝ երկար ճանապարհը հիշելիս միայն մեկ անգամ է ժպտում, շան մասին խոսելիս, որին կարողացել է գիրկն առնել ու իր հետ բերել. - «Շանը չեմ թողել, իմ հետ բերեցի»:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևանի թիվ 80 դպրոց է տեղափոխվել շուրջ 20 արցախցի աշակերտ։ 9-ամյա Գոռը անակնկալի է եկել հենց առաջին պահին՝ անսովոր էր 3 հոգանոց դասարանից հետո միանգամից 35 աշակերտ տեսնելը՝ նույն դասարանում։
«Երեք երեխա էինք դասարանում, երեքն էլ տեղա», - պատմեց Գոռը:
Խերխանից եկած Լևոնի ու Էրիկի ծնողներին հաջողվել է վարձով բնակարան գտնել Երևանից քիչ հեռու՝ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ Տղաներն իրենց գյուղում մի քանի րոպեում էին դպրոց հասնում, հիմա՝ ստիպված են 12 կմ անցնել։ Լևոնի ու Էրիկի մայրը՝ Նունե Կարապետյանը, նույն դպրոցում է աշխատանքի ընդունվել:
«Իմ էդ հոգեվիճակում չէի պատկերացնում, եր հենց առաջինը աշխատանքս կապահովվի, որովհետև խնդիրները շատ էին, վարձով տուն էինք փնտրում», - ասաց Նունե Կարապետյանը:
Պաշտոնական թվերով Արցախն ունեցել է 1500 ուսուցիչ, 21 հազար աշակերտ։ Արցախցի աշակերտների դեռ ավելի քան 18 հազարն է հաշվառվել Հայաստանում, մոտ երկու տասնյակ ուսուցիչ էլ աշխատանքի է ընդունվել՝ նախարարության հայտարարությամբ։
Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասում է՝ ավելի քան 6500 աշակերտ արդեն հայաստանյան դպրոցներ է ընդունվել։ Եթե լինեն համայնքներ, որտեղ դպրոցները ծանրաբեռնված կլինեն՝ հարևան համայնքներում կտեղավորեն։
«Կտրամադրվի համապատասխան տրանսպորտ, որը մոտակա համայնք ամեն օր կտանի և կբերի երեխաներին: Այսինքն՝ ըստ իրավիճակի տարբեր լուծումներ ունենք, բայց առաջնահերթությունն այն է, որ բոլոր երեխաների համար պետք է կրթության իրավունքը պետք է կարողանանք կազմակերպել», - ներկայացրեց Սարգսյանը:
Երևանի թիվ 80 դպրոցում մեր նկարահանման պահին ևս մեկ արցախցի ուսուցչի էին սպասում, տնօրենն ասաց՝ արդեն աշխատանքի են ընդունել։
Հայաստանում դպրոց ընդունվող աշակերտների և աշխատանքի անցնող ուսուցիչների թիվն, ըստ նախարարության, գրեթե ամեն օր կրկնապատկվում է։
Նունե Կարապետյանն ասում է՝ իր համար առավել հեշտ է ընտելանալ, բայց տղաները դեռ փորձում են նոր իրականությանը հարմարվել։ Եթե ամիսներ առաջ երազում էին, որ Արցախի ճանապարհը բացվի, հեծանիվ ունենան, հիմա էլ երազանք չունեն։