Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Գերմանիան աջակցում է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ըստ ադրբեջանական APA գործակալության, ասել է Շոլցը՝ նաև ընդգծելով, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ, Ալիևը ևս ընդգծել է Բաքվի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին և ինչպես նաև աջակցությունը բրյուսելյան գործընթացին։
Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Շոլցը Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին:
Ըստ Հոֆմանի՝ Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա և իրավիճակի՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը։
Ադրբեջանի նախագահը երեկ չեղարկեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով Գրանադայի այսօրվա հանդիպումը։ Ըստ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի՝ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն է և Փարիզի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը չեղարկեց Գրանադայի հանդիպումը, Փաշինյանը, միևնույն է, կմեկնի Իսպանիա