Նոր քրեական հետապնդում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա եղբոր ու որդու դեմ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական կեղծիք։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ դատախազը երեկ է սեփական նախաձեռնությամբ Ղուկասյանի նկատմամբ հարուցել նոր հանրային քրեական հետապնդում՝ 35 միլիոն 690 հազար 403 դրամ կադաստրային արժեքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 24 անշարժ գույքի առերևույթ ապօրինի օտարման փաստերով, նույն օրը կրկին սեփական նախաձեռնությամբ քրեական հետապնդում է հարուցել նաև Վարդան Ղուկասյանին ենթադրաբար օժանդակած Գ.Ղ․-ի (եղբայրը) և Ս.Ղ․-ի (որդին) նկատմամբ:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա 19 անուն գույքերն օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան, իսկ 5 անուն գույքերի վերաբերյալ` նույն պահանջով, նախապատրաստվում են վարչական հայցեր:

Նույն քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել 24 անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացում Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից՝ 2006-2011 թվականների ընթացքում իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անզգուշությամբ պետության և համայնքի շահերին էական, իսկ որոշ դեպքերում՝ այլ ծանր հետևանքներ պատճառելու առերևույթ հանցավոր դեպքերի մասին, ինչի կապակցությամբ սեպտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: