Ավելի քան մեկ շաբաթ շարունակված կտրուկ արժեզրկումից հետո դրամը այսօր սկսեց մի փոքր կայունանալ. Կենտրոնական բանկը այսօր խախտեց լռությունն ու կեսօրին հայտարարեց, թե արտարժույթի շուկայում գործառնություններ է իրականացնելու՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։
Շուկան ժամերի ընթացքում արձագանքեց. մեկ շաբաթում ավելի քան 15 տոկոսով թանկացած դոլարը սկսեց էժանանալ։ Ժամը 18-ի դրությամբ միջին փոխարժեքը 422 դրամ էր առավոտվա 454-ի համեմատ։
Հայկական արժույթի այս տատանումները գլխավոր դրամատունը բացատրում է առաջարկի ու պահանջարկի փոփոխություններով։ Մասնագետները մանրամասնում են՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո, արցախցիների Հայաստան հոսքի ֆոնին դոլարի պահանջարկը կտրուկ մեծացել է։ Մինչ այժմ անհայտ է՝ ինչ է լինելու Արցախի բանկերին տրված վարկերի ճակատագիրը։ Սրան էլ գումարվում է անորոշությունն ու խուճապը, ստիպելով շատերին խնայողությունները դոլարի վերածել։
«Կենտրոնական բանկն այլընտրանք չունի և պետք է շարունակի միջամտել, որովհետև հակառակ դեպքում բարձր գնաճի ականատես կլինենք բարձր գնաճի», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Այս պահին դրամի արժեզրկումը դանդաղել է, բայց դեռ չի կայունացել, ասում է ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը. - «Դա երևում ա նաև մարժայից՝ առքի ու վաճառքի տարբերությունից, սա նշանակում է, որ շուկան դեռ չի հանդարտվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատ անկում». դրամը գահավիժում է, դոլարն ու եվրոն՝ թանկանումՈրքա՞ն է փոխարժեքը, ի՞նչ պատկեր է հիմա ու ի՞նչ սպասել, այս հարցերը գրեթե բոլորին են հետաքրքրում, անգամ նրանց, որոնք գործարքներ անելու մտադրություն չունեն։
Փոխանակման կետի կողքով անցնելիս այսօր շատերն էին կանգնում, հայացքը՝ փոխարժեքի ցուցանակին:
Դրամի արժեզրկման ամենամեծ ռիսկը հնարավոր թանկացումներն են. թանկ դոլար ապրանք ներմուծելիս դրանց ինքնարժեքն ինքնաբերաբար բարձրանալու է։ Ավելի պարզ՝ օրինակ X ապրանք Հայաստան բերելու համար եթե ձեռներեցները շաբաթներ առաջ 10 հազար դոլար էին վճարում` 3 միլիոն 850 հազար դրամ, ապա այսօրվա փոխարժեքով 4,2 միլիոն կվճարեն։
Նախկինում, երբ այսպիսի տատանումներ էին լինում, որոշ ժամանակ հետո փոխվում էին նաև խանութների գնապիտակները։ Բենզինի շուկան արդեն իսկ արձագանքում է՝ մեկ օրում վառելիքը մայրաքաղաքում թանկացել է 50 դրամով։ Ռեգուլյար տեսակի բենզինի լիտրն այսօր 550 դրամ էր։
«Երբ որ ազգային արժույթը էապես արժևորվում էր, մենք ականատեսը չէինք լինում համարժեք ու ժամանակին գնանկման, բայց շատ արագ ու ոչ համարժեք ազգային արժույթի արժեզրկմանը մենք տեսանք գների աճ շուկայում», - ընդգծեց Ավետիսյանը:
Արդարացվա՞ծ է այս թանակացումը, թե՞ գործարարները օգտվելով առիթից ցանկանում են գերշահույթ ունենալ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի։ Վերահսկող այդ մարմնից «Ազատությանը» փոխանցեցին՝ վաղն անդրադառնալու են այս հարցին, մինչ այդ ոչինչ չեն ասի։