Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր անակնկալ չեղարկեց Գրանադայի հանդիպումը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։
Պաշտոնական պարզաբանում Բաքուն դեռ չի տվել։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, սակայն, «Ազատությանը» հայտնել է, որ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն է և Փարիզի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը«Արտգործնախարար Կոլոննայի հայտարարությունները, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է», վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները»», - X-ի իր էջում այսօր գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Ադրբեջանի ԱԳՆՕրեր առաջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները։ Երեկ էլ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարեց, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր. Կատրին ԿոլոննաՉեմ կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. նախարար«Ֆրանսիացի պաշտոնյաների, Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարություններից հետո Բաքուն պահանջել է Գրանադայում կայանալիք հանդիպմանը նաև Թուրքիային ներգրավել», - հղում անելով իր աղբյուրներին՝ հաղորդում է ադրբեջանական APA-ն, հավելելով՝ դրան ընդդիմացել են Բեռլինն ու Փարիզը։ «Ազատության» աղբյուրները ևս հաստատում են այս տեղեկությունը։
Բաքուն առաջին անգամը չէ չեղարկում Հայաստանի առաջնորդի հետ հանդիպումը Ֆրանսիայի մասնակցության պատճառով։ Նույն պատճառաբանությամբ Ալիևը մերժել էր նաև Եվրամիության նախաձեռնությամբ անցած տարվա դեկտեմբերին նախատեսված մի հանդիպում։
Չնայած Բաքվից հնչող այդ հայտարարություններին՝ Հայաստանի վարչապետն այսօր հայտարարեց, թե ինքը, միևնույն է, մեկնելու է Գրանադա։ Հայկական պատվիրակության կազմում են լինելու նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Էնտեղ ունենալու ենք հանդիպումներ և ըստ էության փորձելու ենք ավելի դետալացված մեր դիրքորոշումները ներկայացնել։ Իհարկե ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգը, հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրել և ցավում եմ շատ, որ առիթ չունեմ, վաղը առիթ չեմ ունենալու հայտարարելու, որ շատ կարևոր այդ որոշումը կայացվեց», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպումից առաջ թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից լավատեսական հայտարարություններ էին հնչում։ Ղարաբաղի դեմ սեպտեմբերի19-ին տեղի ունեցած հարձակումից ու Արցախը զինաթափելուց հետո Բաքուն հայտարարել էր, թե «հիմա արդեն ավելի մեծ են համաձայնության հասնելու հնարավորությունները»։ Օրեր առաջ նույնն էր պնդել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, այսօր էլ՝ վարչապետ Փաշինյանը։
«Ըստ էության, մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը շատ բարձր էինք գնահատում։ Փաստաթուղթ, ասում եմ, շրջադարձային նշանակության, դա այն փաստաթուղթն է, որը խամաճիկային ընդդիմությունն ամեն ինչ անում էր, որպեսզի ներկայացվի որպես կործանարար փաստաթուղթ», - նշեց Փաշինյանը։
Վարչապետն այսօր ներկայացրեց այն երեք հիմնական սկզբունքները, որ Երևանը պնդում է խաղաղության պայմանագրի ճանապարհին։ Առաջին՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը 86,600 է։ Երկրորդ՝ դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է տեղի ունենան 1975 թվականի քարտեզների հիման վրա, սակայն, Փաշինյանի ձևակերպմամբ, այս կարծիքը կարծր չէ, և կարելի է կիրառել նաև 75 թվականից հետո կիրառված քարտեզները, որոնք նախորդի վերարտադրությունն են։ Երևանը, ըստ վարչապետի, նաև պնդում է, որ տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը տեղի է ունենա երկրների ինքնիշխանության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
«Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Սակայն, ըստ վարչապետի, խնդիրն այն է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի վերահաստատում իր հավատարմությունը Երևանի նշած սկզբունքներին։ Իսկ դա, ամփոփեց Փաշինյանը, նշանակում է, որ Բաքուն խաղաղությունը պատկերացնում է իր նկրտումները Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրականացնելուց հետո միայն։
Արդյո՞ք այս իրավիճակում իրատեսական է խաղաղության շուրջ համաձայնությունը, արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարցրեց իշխանական պատգամավորներից մեկը։ Նախարարը վերահաստատեց՝ հնարավորություն դեռ կա, եթե Բաքուն ևս համաձայնի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանազատումն իրականացնել «խորհրդային ամենաթարմ, լեգիտիմ քարտեզներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է