Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի հումանիտար օգնություն, և այն կշարունակվի, եթե կարիքը լինի

Ըստ էության, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների զոհ դարձավ, և միջազգային մեխանիզմները հնարավոր չեղավ գործարկել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննային:

«Ըստ էության, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտման իրականացման հետ: Այս առումով, իհարկե, հումանիտար այն ճգնաժամը, որ ունեինք Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Մյուս կողմից պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ինչը նույնպես կարծում եմ, միջազգային ուշադրության կենտրոնում պետք է լինի»:

Այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը կարողանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հոսքը որոշակի կառավարելիության ներքո պահել, մարդկանց ամենակենսական անհրաժեշտությունները բավարարվում են պետության և նաև մի շարք միջազգային գործընկերների աջակցությամբ, կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը և շարունակել․ -
«Բայց, իհարկե, Հայաստանի կառավարությունն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի միջազգային գործընկերներից, որպեսզի նաև կարողանանք միջնաժամկետ և երկարաժամկետ հումանիտար խնդիրներ լուծել»:

Նա նաև շնորհակալություն է հայտնել անձամբ նախարարին, Ֆրանսիային և նախագահ Էմանյուել Մակրոնին՝ «այս դժվար ժամանակներում Հայաստանի կողքին հստակ լինելու համար, և նաև Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար»:

Կատրին Կոլոննան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետին փոխանցել Էմանյուել Մակրոնի ողջույնները:

«Ուրախ եմ, որ իմ նախորդ այցից մի քանի ամիս անց նորից Երևան եմ վերադառնում, թեև շատ կուզեի, որ այցս տեղի ունենար պակաս ողբերգական հանգամանքներում, ողբերգական` Լեռնային Ղարաբաղի բնակչության, ինչպես նաև Հայաստանի համար», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով․ - «Այցս պարզապես մի հերթական դրսևորումն է այն բարեկամության, որ Ֆրանսիան տածում է Հայաստանի նկատմամբ և բարեկամությունից անդին նաև համերաշխության դրսևորում: Մեր համերաշխությունը դրսևորվել է ողջ տարվա ընթացքում: Մարդասիրական ճգնաժամի և, ընդհանրապես, հումանիտար իրավիճակի վատթարացմանը զուգահեռ օգնության ծավալներն են մեծացել, և ես հպարտ եմ ասելու, որ Ֆրանսիան միշտ գտնվում է այնտեղ, որտեղ պետք է գտնվի»։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի համար Ֆրանսիան նախատեսել է 12,5 մլն եվրոյի մարդասիրական օգնություն: Կատրին Կոլոննան վստահեցրել է, որ այդ օգնությունը կշարունակվի, եթե դրա կարիքը լինի:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ, ասված է հաղորդագրությունում։