Հայաստանի խորհրդարանն այսօր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեմ քվեարկեցին Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը միանալու՝ կառավարության նախագծին։
«Հայաստան»-ն ու «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների նախաձեռնած գործընթացը հակասահմանադրական են որակում։
«Ընդդիմությունը դեմ է արտահայտվել և հիմա նկատի առնելով, որ այս թյուրիմացությունը ևս մեկ անգամ պետք է շտկել, հակասահմանադրական այս նախագծին դեմ ենք», - ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշեց. - «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներից ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը չեն վավերացրել կամ ստորագրել այդ ստատուտը: Եվս մեկ անգամ կրկնեմ, որ դրա վավերացումը որևէ օգուտ Հայաստանին բերել չի կարող բացի բազմաթիվ վերահաս վտանգներից»:
Իշխանությունները շարունակում են պնդել՝ Հռոմի կանոնադրության որևէ դրույթ չի հակասում Հայաստանի մայր օրենքին։ Սահմանադրական դատարանը դեռ այս տարվա մարտին էր Հռոմի ստատուտը սահմանադրական ճանաչել՝ հիմնավորելով, որ սահմանադրական երկու փոփոխություններից հետո իրավիճակ է փոխվել։
«Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց Ազգային ժողովը չի կարող փոխարինել Սահմանադրական դատարանին և չի կարող կասկածի տակ դնել Սահմանադրական դատարանի որոշումները», - նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Սակայն ընդդիմությունից պնդում են, թե երկու սահմանադրական փոփոխություններից հետո անգամ իրավիճակ չի փոխվել, և թե բարձրագույն ատյանը նոր փոփոխություններից հետո միայն կարող է Հռոմի ստատուտի վավերացման հարցը քննարկել։
«Դատարանի լիազորությունների առումով, որ պետք է Սահմանադրության մեջ կատարվեն համապատասխան լրացումներ, որպեսզի Միջազգային քրեական դատարանի լիազորությունները համահունչ լինեն Սահմանադրությամբ ամրագրված դատական լիազորություններին, և երկրորդը՝ ներման ինստիտուտի իրացման տեսակետից», - ասաց Արծվիկ Մինասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը արձագանքեց Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը
Հայաստանի իշխանությունները Հռոմի կանոնադրությանը միանալով ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների համար։ Իշխող ուժի ներկայացուցիչներն այսօր նաև խոսում էին արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորության մասին։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր պարզաբանեց՝ միջազգային դատարանի առաջ կարող են կանգնել անգամ Հռոմի ստատուտին չմիացած երկրների քաղաքացիները, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել։ Ադրբեջանը միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը չի վավերացրել։
«Կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ 12-րդ հոդվածի հիման վրա, մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը՝ վավերացրած կամ իրավազորությունը ճանաչած երկրի քաղաքացիների նկատմամբ: Տարածքի դեպքում անկախ նրանից, եթե կատարվում է պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ ուղղված հանցագործության կոնկրետ վավերացված պետության տարածքում, անկախ նրանից, թե այդ անձինք, ովքեր կատարում են հանցագործություն, դրանց պետությունը համարում է վավերացրած, իրավազորությունը ճանաչած, դրանք ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը», - նշեց Կիրակոսյանը:
Իշխող ուժից նաև հայտարարում են, թե պետք չէ գերագնահատել Միջազգային քրեական դատարանի դերը և հակառակը։ Ընդունում են, թե միջազգային այս ատյանն իր որոշումները պարտարդելու հստակ մեխանիզմներ չունի։ «Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը հետաքրքրվեց՝ Միջազգային քրեական դատարանը ի՞նչ հարաբերություններ ունի միջազգային քաղաքական այլ մարմինների հետ, որոնք կարող են հետամուտ լինել, թե այդ ատյանի որոշումները չկատարվեն։
«Քրեական դատարանի դեպքում էլ, կարծում եմ, կա անդամ պետությունների ասամբլեա կոչված մարմինը, որը գործում է կանոնադրության հիման վրա և հարցի մի զգալի մասը քննարկում են այդ շրջանակներում, բայց կարծում եմ, բացառված չէ, որ նաև այս հարցերը գնան Անվտանգության խորհրդի օրակարգ մտնեն, որովհետև միջազգային անվտանգության հետ կապված հարցեր են», - պատասխանեց Կիրակոսյանը:
Մինչ իշխանությունները վստահեցնում են, որ Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի որոշումը պայմանավորված է Հայաստանի շահով և ուղղված չէ որևէ մեկի դեմ, այդ թվում՝ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի, ընդդիմությունում համոզված են, որ Պուտինին ձերբակալելու հրաման տված դատարանի կանոնադրության ընդունումը բացասաբար կազդի ռուս-հայկական հարաբերությունների վրա։
Ազգային ժողովը 7-օրյա ժամկետում Հռոմի կանոնադրության նախագիծը կուղարկի նախագահին՝ ստորագրման։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Նախագահականից դեռ չեն հստակեցնում՝ ի՞նչ դիրքորոշում ունի նախագահ Վահագն Խաչատրյանը ստատուտի վավերացման վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոլոննան ողջունել է «Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը»