Եվրոպական ներդրումային բանկը 70 մլն եվրոյի վարկով աջակցում է Հայաստանի ՓՄՁ-ներին

Եվրոպական ներդրումային բանկի շենքը Լյուքսեմբուրգում, արխիվ

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր) հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով, հաղորդում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը:

Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։

Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։

«Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 հազար ՓՄՁ-ների», - մասնավորապես հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շեշտելով․ - «Ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք»։

Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2 հազար աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում, ասված է հաղորդագրությունում։