Շրջափակման և ռազմական գործողությունների միջոցով Ղարաբաղի «վերաինտեգրումը» և դրան հետևած գրեթե ողջ բնակչության փախուստը ո՛չ Կովկասում խաղաղություն կբերի, ո՛չ էլ խաղաղ ժամանակներ, Թվիթերում գրել է ԵԱՀԿ Մինսի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
«Մենք մուտք ենք գործում վտանգավոր շրջան, ավելի լայն հետևանքներով հետագա բռնության հնարավորությամբ», - նշել է նա։
Քավանոյի վերջին օրերի գրառումներն ու հարցազրույցները Արցախի մասին են։
«Ահա թե ինչ տեսք ունի ժամանակակից էթնիկ զտումը 21 -րդ դարում» ,- նշել է Քավանոն՝ տեղադրելով նաև Ստեփանակերտից Գորիս ձգվող ավտոմեքենաների անվերջ շարանը պատկերող լուսանկար։
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում միջնորդության ջանքերին մասնակցած նախագահ, Արցախի վիճակի վերաբերյալ հոդվածով է հանդես եկել։ «Օգնենք Հայաստանին» վերնագրով հոդվածում նա նշում է՝ արդարությունն ու պատիվն այսօր Ֆրանսիայից պահանջում են անել ամեն հնարավորը հայերին օգնելու համար։
Օլանդն էլ տեղի ունեցողը Էթնիկ զտում է համարում՝ մատնանշելով նաև տեղի ունեցողի պատճառները՝ Ադրբեջանի գերզինում, կայսերական նկրտումներ ունեցող Էրդողանի կողմից խրախուսանք, Ռուսաստանի դավաճանություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կովկասում քաոսը դեռ կարող է զսպվել»․ Արցախի հայաթափումը` միջազգային մամուլի առաջին էջերում
Բայց, ամենավատն առջևում է, քանի որ հենց Հայաստանի ամբողջականությունը կարող է խաթարվել, գրում է Օլանդը՝ նշելով դրան նպաստող հանգամանքները։ Ըստ Օլանդի՝ Ուկրաինայում ձախողված Վլադիմիր Պուտինը մտադիր է իր վրեժը լուծել Կովկասում և վճռական է՝ ցույց տալու, որ Հայաստանն առանց Ռուսաստանի անհետացման վտանգի տակ կարող է հայտնվել, հետևաբար պետք է ենթարկվի Ռուսաստանին, որպեսզի պահպանի իր գոյությունը: Մյուս կողմից՝ Էրդողանը, որը չի հրաժարվել իր օսմանյան երազանքից, Ադրբեջանին դրդում է գնալ որքան հնարավոր է հեռու իր գործողության մեջ։
«Ինչ վերաբերում է ռուսական գազից զրկված եվրոպացիներին, նրանք խնայում են Բաքվին, որպեսզի չկորցնեն մատակարարումների նոր աղբյուրը։ Ամերիկացիները շատ բան անում են Ուկրաինայի համար, բայց կարող են համարել, որ Կովկասն իրենցից չափազանց հեռու է»,- գրում է Օլանդը՝ եզրակացնելով, որ Հայաստանին այս անգամ էլ կարող են բոլորը լքել. - «Ուստի, ժամանակն է վճռականորեն և համոզված կերպով հայտարարելու, որ Հայաստանի սահմանները սրբազան են, և դրանք պետք է երաշխավորված լինեն։ Ֆրանսիան իր պատմության և արժեքների պատճառով պետք է լինի առաջին գծում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմտյան մամուլը շարունակում է ռեպորտաժներ հրապարակել Կոռնիձորից
Արցախում ստեղծված կացությանը նաև աշխարհի լրատվամիջոցներն են անդրադառնում։ Guardian-ի սյունակագիր, Իտալիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Նատալի Տոչին գրում է, որ Արցախից ձգվող անծայրածիր շարասյունը էթնիկ զտման մութ հիշողություններ է առաջ բերում՝ 90-ականների Բալկանների կամ նույնիսկ ավելի վաղ՝ Օսմանյան կայսրության։
«Չնայած Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին միջազգային հանրությունը չի վիճարկում, Ալիևն էլ չի հրամայել հայերին լքել Ղարաբաղը, բայց այնուամենայնիվ, ձևից դուրս կա բովանդակություն, որը հստակ մատնանշում է Եվրոպայում էթնիկ զտումների ևս մեկ դեպք: Ալիևը կարող է պատրաստ լինել վերաինտեգրել Ղարաբաղի հայերին, բայց Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: Վերաինտեգրվելը մի երկրում, որտեղ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանված չեն, առավել ևս հայերինը, հազիվ թե գրավիչ առաջարկ լինի», - գրում է Տոչին։
Հոդվածագիրը ևս նշում է ռուսների դերակատարությունն իրավիճակում և գրում՝ քանի որ Եվրամիությունը վերսկսել է ընդլայնման քաղաքականությունը Ուկրաինայի, Մոլդովայի և հնարավոր է Վրաստանի համար, պետք է նաև Հայաստանին առաջարկի անդամության հեռանկար։
Մինչ այդ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ Արցախի դեմ ագրեսիայի համար։ Ադրբեջանը հայտարարել էր, որ Ղարաբաղում ուժ չի կիրառի, սակայն դրժեց խոսքը և հարձակվեց։
«Եթե Արևմուտքը քայլեր չձեռնարկի, Բաքուն կարող է չսահմանափակվել Ղարաբաղով և Հայաստանի վրա հարձակվել», - Reuters-ի հետ զրույցում նշել է Բալայանն ու կոչ արել Հայաստանին աջակցել անվտանգության ոլորտում։
Տիգրան Բալայանը նշել է, որ միայն անվտանգության ոլորտում հավասարակշռության վերականգնումը ճանապարհ կարող է հարթել խաղաղության համար։
«Ես չեմ հավատում ոչ մի խոսքի, ոչ մի հավաստիացման, որը տալիս է Ալիևը: Միակ բանը, որին ես հավատում եմ, այն է, որ Եվրոպան ունի պատմական հնարավորություն՝ օգնելու ժողովրդավարությանը դիմակայել դաժան բռնապետությանը, որը ցանկանում է ներխուժել և կործանել ժողովրդավարական հասարակությունը», - հայտարարել է դիվանագետը։