Գործադիրը խոստանում է՝ այս շաբաթվանից կսկսեն Արցախից տեղահանվածներին ֆինանսական աջակցություն տալ՝ 100 հազարական միանվագ գումար բոլորին՝ անկախ տարիքից։
Արցախցիները պետք է ունենան բանկային քարտային հաշիվներ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բանկերի հետ արդեն քննարկվել է, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և առանց ձգձգումների։ Քարտ ու հաշվեհամար տան բոլոր անդամները պիտի ունենան, փոքրիկների փողը կփոխանցվի մայրիկների հաշվին։ Բազմաթիվ ընտանիքներ առանց փաստաթղթերի են Հայաստան հասել, հրետակոծվող տնից, բնակավայրից հեռացել րոպեների ընթացքում։
«Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին», - նշել է վարչապետը:
Միանվագ այս գումարից բացի, գործադիրը բռնի տեղահանվածների համար նաև բնակարանի ծախսի աջակցության ծրագիր է սկսում, մեկ անձի հաշվով 40 հազար՝ վարձի, ևս 10 հազար կոմունալ վճարների համար։ Այս ծրագիրն առայժմ վեց ամսով է հաստատվել։ Ամսական 50 հազարը չեն ստանա Հայաստանում բնակարան ունեցող արցախցիներն ու խնամքի հաստատություններում տեղավորվածները։
«Օրինակ՝ 5 հոգանոց ընտանիքի պարագայում հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 հազար դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը», - հավելել է վարչապետ Փաշինյանը։
Մինչ Մարտակերտից տեղահանված Ալիսա Մելքումյանի ամուսինը մարզերում տուն է փնտրում, կնոջն ու երկու փոքրիկներին երևանյան հյուրանոցներից մեկն է հյուրընկալել։
Ալիսան գումարում է պետության նախատեսած փողը՝ ամեն ամիս իրենց տուն կմտնի 200 հազար, եթե գոնե այդքանով տուն գտնեն, իրենք էլ աշխատեն, մի բան կստացվի. - «Հաճույքով էլ այստեղ կաշխատեմ, բոլորն էլ իմ տարիքի աղջիկներ են, աշխատում են։ Երեխային մանկապարտեզ կտանեմ, ես էլ կաշխատեմ»։
Կարևորը, ասում է, այս փուլում օգնեն, մենք ուշքի գանք։ Դժոխային ամիսներից հետո տեղահանվել ու Հայաստան են հասել դատարկաձեռն։
Ասկերանցի Բաղդասար Ավանեսյանն այսօր Էջմիածնի գյուղերում է շրջել։ Զանգում է տների վարձակալությամբ զբաղվող գործակալություններ, անօգուտ. - «Ասում են՝ պահանջարկը մեծ է, կներեք, թանկացնում են գները։ Ասում եմ՝ դա հարցի լուծում չի, մենք հո Ֆրանսիայից չենք եկել»։
Ինքը, կինը որդին են. տուն վարձելու և կոմունալների համար 150 հազար դրամ կստանան պետությունից։ Արդեն հույս չունի, թե այդ փողով 4 պատ կգտնեն Հայաստանի ոչ սահմանամերձ բնակավայրում։
Ստեփանակերտցի Տիգրան Հարությունյանը շատ է ուզում հույսը միայն իր վրա դնել, բայց այսօր որ հասցեով գնաց, անհասանելի թանկ վարձով տներ էին։ Տուն ու գործ գտնելո՞ւ է, թե՞ կնոջ ու երեխաների հետ արտերկիր՝ հարազատների մոտ կգնա։ Վերջին սցենարը սրտովը չէ. - «Առաջին ձեռքը մեկնեցին մեզ, չպիտի հուսախաբ լինենք, աշխատենք մենք էլ, մեկը մյուսին օգնենք։ Հանձնվելը մերը չի։ Այնպես չի, որ մենք հանձնվել ենք, այնետղից դուրս ենք եկել, այդպես է ստացվել»։
100 հազար 520 արցախցի է Հայաստան հասել, շուրջ 40 հազարը տարեցներ ու երեխաներ են, 2100 հոգի հաշմանդամությամբ է ապրում, 283-ը մի քանի պատերազմների վիրավորներ են։ Արցախում հղիացել ու Հայաստանում կծննդաբերի 230 կին։