2023-ի Նոբելյան մրցանակը ստացել են գիտնականներ, որոնք նպաստել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծմանը

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկում ԱՄՆ-ում, արխիվ

Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է նուկլեոզիդային հիմքերի փոփոխության հայտնաբերման համար: Այդ գյուտը հետագայում ընձեռել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութեր ստեղծելու հնարավորություն:

Մրցանակը ստացել են հայտնագործության հեղինակներ հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը: Երկուսն էլ աշխատում են ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգի համալսարանում։

Կարիկոն և Վայսմանը ավելի քան մեկ տասնամյակ համագործակցում են ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթու) հետազոտությունների բնագավառում:

2021 թվականի սեպտեմբերին նրանք ստացել են Breakthrough Prize in Life Sciences՝ Կյանքի գիտությունների ասպարեզում բեկումնային մրցանակը և 3 միլիոն դոլար հետազոտությունները շարունակելու համար:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ստեղծել են, մասնավորապես, Pfizer և Moderna ընկերությունները:

Պատվաստանյութերի փորձարկումների արդյունավետ ավարտի մասին հայտնի է դարձել 2020 թվականի վերջին՝ համաճարակի մեկնարկից մեկ տարի էլ չանցած:

Բժշկագիտության բնագավառում մրցանակի արժանացած գիտնականների անունների հրապարակումն առաջինն է այսպես կոչված Նոբելյան շաբաթվա ընթացքում:

Առաջիկա օրերին Նոբելյան կոմիտեն կսկսի հրապարակել նաև ֆիզիկայի, քիմիայի, գրականության և Խաղաղության Նոբելյան մրցանակների դափնեկիրների անունները։