«Ցույցի մասնակցող ղարաբաղցոնց դեպորտ արեք, ես՝ որպես Հայաստանի քաղաքացի եմ ասում»։ «Այն արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից»։ Այս առաջարկներն արել են իշխող ուժի անդամները հրապարակավ. մի գրառման հեղինակը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Թաթուլ Ասիլյանն է, փախստականներին օգնությունից զրկելու միտքն էլ տվել է Սուրենավանի իշխանական ղեկավար Անի Վարդազարյանը։
Ավելի ուշ նրանց միացավ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանին կամավորության սկզբունքով ներկայացնող Ստելլա Սարուխանյանը՝ կրկին հրապարակային՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
«... և եթե հանկարծ որևէ արցախցի մասնակցի հայաստանակործան միտինգներին (ծուղակը չընկնեք, անգամ եթե փող խոստանան, տեսնում եք, որ ձեր փողերով գնված հյուրանոցներում էլ ձեզ տեղ չեն տալիս), նրանց անունները ֆիքսվելու են ու ընտանիքները զրկվելու են պետական աջակցությունից (սա, ըստ օդում կախված լուրերի…լուրը պաշտոնական չէ, պարզապես աչքովս ընկավ, ցանկացա կիսվել ձեզ հետ)», - գրել է նա:
Տիկինն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ խնդիր չի տեսնում, սեփական կարծիքն է արտահայտել՝ այլոց գրառումները կարդալով. - «Ես այդ լուրը կարդացել եմ, փորձել եմ նաև կիսվել, որ իմ ընկեր արցախցիները տեսնեն, ու եթե դա ճիշտ չի, ավելի լավ, որ ճիշտ չի։ Ես վստահ եմ, որ ոչ մի արցախցի չի գնա հայաստանակործան միտինգի։ Որը որ հայաստանաշեն է ու պետք է արվի, դե թող գնան, բոլորն էլ գնան, ես ընդհանրապես դրան ոչ կողմ եմ, ոչ դեմ եմ։ Ընդամենը ստատուս է, կարծիք է, գրել է, որը, ուղղակի անհասկանալի է նաև խառնվելու պատճառն էլի, չեմ հասկանում»։
Իրավապաշտպանների համար, մինչդեռ, պատճառը ավելի քան հստակ է. Հայաստանի Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի հավաքների մասնակցելու իրավունք, ընդգծում է Վարդան Հարությունյանը։
«Դրսերում կրթություն ստացած մարդիկ են, նրանք խոսում են մի քանի լեզուներով, նրանք դա գիտեն, բայց նրանք դա գիտեն որպես գիտելիք, այլ ոչ թե որպես ունեցվածք, ոչ թե որպես միտք, գաղափար, որ կրում են իրենց մեջ, գաղափարազուրկ են նրանք։ Եթե հասարակական պարսավանքը չլինի, եթե հասարակական արձագանքը չլինի, ապա դուք ոչ թե մեկ, երկու, երեք, չորս, այլ քսան, երեսուն, հիսուն նման գրառում կարող եք հանդիպել։ Նրանք կանեն, կշարունակեին այդ գրառումները, նրանց դեռ զսպում է հասարակական պարսավանքը», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազգային կոմիտեն հետաձգում է հանրահավաքը, «լծվում հումանիտար աղետի հաղթահարման գործին»
Ինչո՞ւ է կամավորության սկզբունքով վարչապետի տիկնոջ օգնականը տարածում «օդում կախված լուրերը»՝ փորձելով դա հասցնել արցախցիներին ու կրկնելով իշխող թիմի ներկայացուցիչների տեսակետը. իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեկ պատասխան ունի. նրա ձևակերպմամբ՝ քաղաքական մտածելակերպից զուրկ ՔՊ-ն ամեն գնով իշխանությունը պահելու ցանկություն ունի։
«Միակ խնդիրն իշխանությունը պահելն է, ոչ թե Հայաստանի ճակատագիրն է, ոչ թե Արցախի ճակատագիրն է, ոչ թե արցախցիներին հնարավորինս լավ ու շուտ տեղավորելու խնդիրն է, Հայաստանի քաղաքացու հոգսը հոգալն է, այլ սեփական իշխանության հարատևությունը։ Սա է նշանակում։ Սա նշանակում է, որ իրենց միջավայրում այդ խոսակցությունները եղել են, և մեկ-երկուսը, որոնք ավելի բաց են, գրառումներն անում են կամ այդ մասին խոսում են իրենց միջավայրերում», - նշեց իրավապաշտպանը։
Փաստաբան Ամրամ Մակինյանը իշխանական թևի այս հայտարարությունները քրեորեն պատժելի է որակում ու Սուրենավանի համայնքապետի հայտարարության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնասիրություն են սկսել՝ պարզելու՝ արդյո՞ք համայնքային պաշտոնյան խտրականություն է դրսևորել և խոչընդոտում է քաղաքացիներին մասնակցել հանրահավաքներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է. կան բերման ենթարկվածներ (լուսանկարներ)
ՔՊ-ական համայնքապետ Անի Վարդազարյանը, որի ֆեյսբուքյան էջն այս պահին ակտիվ չէ, երկրորդ գրառմամբ ներողություն էր խնդրել արցախցիներից իր տեսակետի համար։ Եվ մինչև իրավապահները կպարզեն՝ արդյո՞ք ներողությունը էական դեր կարող է խաղալ քրեական գործ հարուցել հարցում, և արդյո՞ք իշխանականի արարքում կան հանցագործության տարրեր, իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը դատապարտում է ցանկացած խտրական խոսք ու ընդգծում՝ եթե այդ արարքները հատում են օրենքի սահմանները, ապա պետք է արժանանան իրավապահների ուշադրությանը։ Իսկ կուսակիցներին հորդորում է պահպանել կուսակցության անդամի պարտականություններն ու դրանց հակասող գործողություններ չիրականացնել։
Իշխող թիմից, սակայն, դեռ չեն հստակեցնում՝ արդյո՞ք կարգապահական պատասխանատվության կենթարկեն արցախցիներին արտաքսելու կամ հավաքների մասնակցելու պատճառով օգնությունից զրկելու կոչեր անող կուսակիցներին, թե՝ ոչ։