Պաշտոնական Բաքուն այսօր հրապարակեց հայաթափված Ղարաբաղի «վերաինտեգրման ծրագիրը»։ Հինգ մասանոց փաստաթուղթը ընդգծում է, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի է ունենալու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա։
Նշվում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչներին «տրամադրելու է դավանանքի ազատություն և պաշտպանելու է հայերի կրոնական և մշակութային հուշարձանները»։
«Անկախ էթնիկ, կրոնական կամ լեզվական պատկանելությունից՝ բոլորի հավասար իրավունքները և ազատությունները, բոլորի ներառյալ անվտանգությունը երաշխավորված կլինեն»,- հավատացնում է Իլհամ Ալիևի վարչակազմը, որը հայտնի է բռնապետական կառավարմամբ:
Ադրբեջանի իշխանությունները նաև խոստանում են միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի հայ բնակիչների ձեռնարկատիրական գործունեությանը սատարելու համար:
Ըստ նախագահ Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ «հայ ձեռներեցներին կտրամադրվեն արտոնյալ վարկեր, տոկոսների սուբսիդավորում, վարկերի երաշխիքների տրամադրում և ֆինանսական այլ գործիքներ»: