Մարտունու շրջանի Ննգի գյուղի երեք հարյուրից ավելի բնակիչները խաղաղապահներին տեսել են մեկօրյա արյունալի մարտերից հետո միայն։ Ռուս զինվորների ներկայությունը, սակայն, վախերը ոչ թե փարատել, այլ ավելի է խորացրել․ սկսել են զինաթափել՝ ադրբեջանցիների ու Ղարաբաղի նախագահի ներկայությամբ։
«Գյուղ են մտել, ես այնտեղ եմ եղել, ռուսական զորքերը՝ խաղաղապահները, մի մեքենա էլ կար, դրա մեջ թուրքեր էին նստած՝ զինվորներ՝ սև դիմակներով, սև ակնոցներով, մեքենայից էլ դուրս չէին գալիս։ Բայց, ակնհայտ երևում էր, որ թուրքեր են, մուգ մաշկ ունեին։ Սամվել Շահրամանյանն էլ էր եկել՝ իր թիկնապահներով։ Եկել էին զինաթափելու։ Տղերքից զենքեր էին հավաքում», - պատմում է 65-ամյա Նելլի Բաբայանը։
Սեպտեմբերի 19-ի հարձակումից մեկ օր անց, երբ Արցախի իշխանությունները հարկադրված համաձայնեցին վայր դնել զենքը, Բաքուն հայտարարեց, թե զինաթափելու է հայկական կողմի զինվորներին՝ հատուկ մասնագետների օգնությամբ։ Թե ովքեր էին լինելու այդ մասնագետները, ադրբեջանական կողմը չէր մանրամասնել։ Ռուս խաղաղապահներն էլ են անպատասխան թողել գյուղացիների հարցերը՝ ինչո՞ւ չեն միջամտում գյուղացիներին զինաթափելու եկած ադրբեջանցիների գործողություններին, ինչո՞ւ իրենք՝ խաղաղապահները, խոսքի տերը չեղան, թե ոչ ոք խաղաղ բնակիչներին չի նեղացնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը համաձայնել է լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը«Հետո տղաներին նստեցրին ռազմական մեքենաներ։ Ասում եմ՝ բա ո՞ւր եք տանում մեր տղերքին։ Ասում է՝ ամենքն իրենց տուն են գնում։ Վախենում էի էլի՝ չտանեն մեր տղաներին կա՛մ սպանեն, կամ չգիտեմ՝ ուր տանեն։ Մտել եմ, էդ մեծավորին մեքենայից դուրս գալիս հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում էստեղ, ինչո՞ւ եք թողնում սենց բաներ։ Ասում է՝ դա մեզ չի վերաբերում։ Ասում եմ՝ իսկ ի՞նչ է ձեզ վերաբերում։ Թե՝ մենք սրա հետ կապ չունենք։
-Իսկ ինչո՞ւ եք դուք այստեղ։
-Մի՛ անհանգստացեք, ինձ ասում է, ամեն ինչ լավ կլինի, հանգիստ ապրեք, ձեզ ոչ ոք ձեռք չի տա, ոչ ոք չի նեղացնի, ապրեք, ոչ մի տեղ մի գնացեք, ամեն ինչ հրաշալի կլինի, ոչ ոք այստեղ չի կրակի, ամբողջովին մեր վերահսկողության տակ է, լիովին անվրդով ապրեք։
Դե, Սամվել Շահրամանյանը՝ թիկնապահները կողքին, խոսացնում եմ, ասում է՝ տատիկ, դու մի կողմ քաշվիր, շատ ես խոսում, դա քո գործը չէ։ Ասում եմ՝ իսկ ինչո՞ւ եք եկել, մեր գործն է, ուզում ենք իմանալ։ Բա ժողովուրդը վստահ չլինի՞, որ այստեղ՝ հնարավոր է ապրել։ Ու որ զինաթափեցին, հաջորդ օրն ասել են մեկ-երկու օրվա ընթացքում դուրս եկեք, ստեղ մարդ չմնա», - հիշում է նա։
Տնից տուն այնքան արագ էր տարածվում գյուղը լքելու հրամանը, որ օրեր անց միտքը չի գալիս՝ կոնկրետ որտեղից եկավ այդ գույժը, ո՞վ իրեն հայտնեց, բայց մի բան լավ գիտի՝ գյուղապետարանում մեքենա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի բենզին էին բաժանել՝ Ստեփանակերտ հասնելու հաշվարկով ու վստահեցրել՝ այնտեղ էլ Հայաստան գնալու համար վառելիք կտան. - «Ամեն տեղ անասուններ էին, շները, որ միշտ հաչում, հարձակվում էին, մենք գնում էինք, ուզում էին մարդկանց ձեռքերը լպստեն, աչքներիս էին նայում, ուզում էին լաց լինեն։ Կովերը, անասունները, ամբողջը մնացին էնտեղ։ Ծերերը լացում էին, ասում էին՝ բա կովերս, ոչխարներս, նապաստակները՝ 60, 90 հատով մնացին տներում։ Հիմա թուրքերը գալիս, ամբողջը ջարդում են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հիմնական հոսքը դադարել է»․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել ՀայաստանԿյանքի 65 տարիների ընթացքում երեք տարբեր հանրապետություններից նույն՝ գաղթի ճանապարհը կտրած կնոջ համար Արցախից հեռանալն ամենացավոտն էր, ասում է։ 88-ին Ադրբեջանի մայրաքաղաքից, 2022-ին Ուկրաինայի պատերազմի ամենաթեժ շրջանից՝ Լուգանսկից, հեռանալուց հետո վստահ է եղել, թե ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Արցախում անվտանգ կլինի։ Մտքով անցել է՝ գնա՝ Ղարաբաղից տասնամյակների կարոտն առնելու: Սիրտս կճաքեր, թե որ չգնայի, ասում է Բաքվում ծնված կինն ու հոգոց քաշում՝ թե՝ ինչ լավ էր, գուցե վերջին անգամ եղավ դեռ մանկությունը հիշեցրած տներում։
«Փոքր ժամանակ ամեն տարի մենք մայիսի 15-ից մինչև սեպտեմբեր Ղարաբաղում էինք լինում, ամեն տարի։ Դե, բոլորն ինձ բան էին անում, թե գի՞ժ ես, ինչո՞ւ ես գնում։ Ասում եմ, չէ, որ չգնամ Ղարաբաղ, կմեռնեմ։ Սիրտս ճաքում է, կարոտս էլ՝ շատ։ Եկել եմ, չորս ամիս Հայաստանում մնացել, թղթերս սարքել ու գնացել Ղարաբաղ։ Մի տարի անցավ, էս բաներն սկսեցին։ Մենք հանգիստ էինք մի քիչ, որ ռուսական խաղաղապահները մինչև 25 թիվը այնտեղ են, կռիվ, բան չի լինի։ Բայց տեսա, որ ամբողջը սուտ է, ամբողջը սուտ է»։
Մի ուրիշ դաժան պատմություն է՝ ինչպես են երեք օրում Հայաստանի սահմանը հատել, մի պահ հետ նայել, բայց ետևում միայն ծայրը չերևացող ավտոշարասյունն էր՝ անհույս ուղևորներով՝ ո՛րը բեռնատարով, ո՛րը մինչև երկինք հասնող բեռներով, ո՛րը՝ վիշտը դեմքներին։
«Մի ջահել կին Մարտունի առավոտ վեցին ծննդաբերել է, մի ժամ հետո ասել են՝ դուրս եկեք։ Իր ամուսինը, փոքր երեխան մեքենայի մեջ՝ երկու ժամ առաջ ծնված, էդ ճանապարհին։ Ոչ ուտելիք կա, ոչ խմելիք կա, ոչ մի բան։ Երեք օր, դա ծաղր է, ծաղր»։
Էլ ի՞նչ ինտեգրացիա այսքանից հետո, արդյո՞ք իր դաշտում աշխատող հողագործի վրա կրակող ադրբեջանցին խաղաղ հարևան կդառնա. ոչ ոք դրան չի հավատում, ասում է նա. - «Ասում են ինտեգրացիա, նորմալ ապրել Ադրբեջանի կազմի մեջ։ Բայց իրենք դա ասում են, որ սկսում են կրակել, էդ ինչպե՞ս կարող է լինել։ Դա արդեն աբսուրդ է։ Որ ասում են ինտեգրացիա և էն գյուղի աշխատողի վրա կրակում են, ո՞նց կարող ես դրանց հետ ապրել, սուտ է, սուտ է»։
Ննգին հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Տունը հերթական անգամ նրանց թողնելուց հետո հիմա Ադրբեջանի հետ սահմանակից մի ուրիշ բնակավայր է եկել՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում իրեն ու Արցախից գաղթած ևս 3 ընտանիքի կացարան են տվել։ Այստեղ էլ հակառակորդի դիրքերն ուղիղ դիմացն են, բայց եկել է՝ այս անգամ ոչ թե ռուս խաղաղապահներին, այլ Աստծուն ապավինելով։