Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավոր, Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը Եվրոպական միությանը կոչ է անում ի պատասխան Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ և վերանայել Բաքվի հետ գազի մատակարարման պայմանագրերը։
«Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրերը պետք է անհապաղ վերանայվեն», - ասել է Հոֆրայթերը Table Media լրատվական պորտալին։
Նրա համոզմամբ, Եվրամիությունը պարտավոր է հնարավորինս արագ որոշում կայացնել Բաքվի դեմ պատժիչ միջոցների վերաբերյալ:
Խոսելով Ադրբեջանի հետ համաձայնեցված գազի մատակարարումների մասին, նա պնդել է, որ չի կարելի կրկնել Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ տրված սխալները և նորից հայտնվել էներգետիկ կախվածության մեջ:
Table Media լրատվական կայքը նշում է, որ Ադրբեջանից Եվրոպական միություն բնական գազի մատակարարման ծրագրով նախատեսվում է մասամբ հատուցել կորուստը, որն առաջացել է Ռուսաստանի հետ պայմանագրերը սառեցնելուց: