Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման, երեկ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Ըստ իրանական IRNA գործակալության՝ մատնանշելով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար բոլոր կողմերի ջանքերի անհրաժեշտությունը։
Ալի Աքբար Ահմադիյանը վերահաստատել է Իսլամական Հանրապետության սկզբունքային և մշտական քաղաքականությունը՝ հարևանների հետ համագործակցութան և փոխգործակցության զարգացումը՝ տարածաշրջանը ցանկացած լարվածությունից և հակամարտությունից զերծ պահելու ուղղությամբ:
«Տարածաշրջանի երկրների միջև անկեղծ և կառուցողական երկխոսությունը հիմք է դնում տարածաշրջանի բնակչության կայուն անվտանգության, համաչափ զարգացման, բարգավաճման և հարմարավետության համար», - ասել է նա՝ հավելելով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ապահովել և հանդիպում կազմակերպել տարածաշրջանի երկրների միջև։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ հայտարարելով իրանական կողմի պատրաստակամությունը զարգացնելու Երևանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։