Հասարակական և քաղաքական մի շարք ուժեր, ինչպես նաև անհատներ կոչ են անում Հայաստանի իշխանություններին անհապաղ մեկնարկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց, դիմել Եվրոպական միությանը անդամակցության հայտով։
Նրանք այս մասին հայտարարությունը ընդունել են երեկ Անկախության ֆորումի ժամանակ։
Հայտարարությունը դատապարտում է «Ռուսաստանից և Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ»։
«Այս օրերին Ռուսաստանի իշխանությունների որդեգրած հակահայ կեցվածքն ու քաղաքականությունը, որի զոհը դարձավ հայ ժողովուրդը Արցախում, ոչ միայն դատապարտելի է, այլև ավելի է խորացնելու վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջացած անջրպետը, դարձնելով այն գրեթե անհաղթահարելի, ինչը հրատապ անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև գործող ողջ իրավապայմանագրային բազայի արմատական վերանայման», - նշում են նրանք։
Հայտարարության հեղինակները «արցախահայության՝ սովի և ռազմական ագրեսիայի կիրառմամբ բռնի հայրենազրկումը» դիտարկում են նույն տրամաբանության մեջ, ինչ «Ուկրաինայի ժողովրդի հանդեպ Ռուսաստանի գործադրած ագրեսիան ու ցեղասպանությունը»։
Կազմակերպությունները, գործիչները, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հորդորում են դա անել առանց որևէ վերապահման։ Մոսկվայից Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը «ծայրահեղ թշնամական» քայլ էին անվանել Ռուսաստանի նկատմամբ։
Արևմուտքին նրանք կոչ են անում դիվանագիտական ու քաղաքական անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ որպես առաջին քայլ հասնել Արցախից «ռուսական օկուպացիոն ուժերի» դուրսբերմանը, Արցախի տարածքում միջազգային փաստահավաք ու մոնիտորինգային առաքելության տեղակայելուն, միջազգային լրատվամիջոցների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազատ մուտքին, իսկ հետագայում՝ նաև միջազգային մանդատով օժտված խաղաղարար առաքելության տեղակայմանը, ինչը, կարծում են, հնարավորություն կստեղծի արցախահայության վերադարձի համար՝ նրանց անվտանգության և իրավունքների ապահովմամբ։
Հայաստանի իշխանություններին նրանք կոչ են անում դուրս գալ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից՝ լուծարելով Ռուսաստանի հետ բոլոր ռազմական ու տնտեսական պայմանագրերը, արգելել հայկական մուլտիպլեքսում և կաբելային ցանցով հեռարձակվող ռուսաստանյան պետական ու պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումը, դիմել Եվրոպական Միությանը՝ վեջինին լիիրավ անդամակցության հայտով, ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, միասնական Արևմուտքի այլ ժողովրդավարական երկրների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, սկսել քայլեր արևմտյան երկրների ու եվրատլանտյան անվտանգային համակարգերի հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության խորացման համար։
Հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը շարունակվում է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ էր տվել հիշել այն երկրների ոչ նախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն։