Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը, այսօր համազգային աղոթքի ժամանակ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, հայտարարեց Գարեգին Երկրորդը։
«Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել»,- ասաց նա՝ իշխանություններին հորդորելով բաժանարար գծերով ատելություն չսերմանել, չմասնատել ժողովրդին։