Արտակ Բեգլարյանը Երևանում է

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Երևանում է։

«Բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված», - գրել է նա ֆեյսբուքյան էջում՝ լուսանկար հրապարակելով «Եռաբլուրից»։

Արցախի նախկին պետնախարարը վերջին օրերին գաղտնի էր պահում գտնվելու վայրը՝ խուսափելով Ադրբեջանի կողմից հնարավոր ձերբակալությունից:

Բաքուն, հիշեցնենք, սկսել է Արցախի ղեկավարության ձերբակալությունները։

Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է ձերբակալված, նրան մեղադրանք է առաջադրվել, ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2015-2018 թվականներին Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին։

Բացի Լևոն Մնացականյանից ու Դավիթ Բաբայանից, Ադրբեջանը ձերբակալել ու 4 ամսով կալանավորել է նաև Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ադրբեջանի դատախազն այսօր հայտարարել է, որ միջազգային հետախուզման մեջ են նաև նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։