«Չէինք էլ պատկերացրել, որ կարող է մեզ թողնեն դուրս գանք, մտածել ենք, չեն թողնի». արցախցի կին

«Ընտանիքս ողջ-առողջ Հայաստանում է, աչքիս էլ ոչինչ չի գալիս», - ասում է Արցախից տեղահանված Սվետլանա Գրիգորյանը։ Երեկ, ժամանակավոր ապաստանել են Լոռու մարզում։ Հետո կտեսնեն՝ որտեղ կհաստատվեն, որտեղ թոռները դպրոց կգնան կամ որդիներն աշխատանք կգտնեն։

Հայաստան մտնելուց հետո, դեռ Գորիսում առաջարկել են Ադրբեջանին սահմանակից Տավուշի մարզ գնալ, բայց մերժել են, ասում է՝ պայթող արկերի դժոխային ձայնը դեռ ականջներում է։ Եկել են ու վստահ չեն, թե Հայաստանի սահմաններն անվտանգ են՝ անգամ երկրի հյուսիսում։

«Մեզ առաջարկեցին գնանք Տավուշի մարզ, չհամաձայնեցինք, որովհետև էինտեղից զոռով ենք փախել. կա՛մ մեր մոտ, կա՛մ Տավուշի մարզը: Էնքան բանի միջով ենք անցել, որ ոչ մեկը չի պատկերացնի, չենք էլ պատկերացրել, ,որ կարող ա մեզ թողնեն դուրս գանք, մտածել ենք, չեն թողնի, կարող ա վերջում մեզ կոտորեն», - ասաց արցախցի կինը:

«Լոռին սիրել ենք, Արցախին շատ է նման», - աչքը պատուհանին գցելով, ասում է տիկին Սվետլանայի հարսը՝ Վերան։

Երիտասարդ կինը Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում է աշխատել։ Ասում է՝ մինչև վերջին օրն էլ մանկապարտեզը գործել է, հույսները չեն կորցրել, որ Արցախի պատմությունն այսքան տխուր չի ավարտվի։ Հետդարձի ճանապարհ չունենք, ասում է, ու ինքն իրեն հույս տալիս՝ կյանքը շարունակվում է։

Հիմա Բազում գյուղի կացարաններից մեկում են՝ արցախից եկած 10 ընտանիքներով։ Ոմանք դեռ նոր են ժամանել, իրենց հետ բերած փոքրաթիվ իրերն են տեղավորում։ Երեխաները ժպտում են, գնդակ խաղում։ Խոհանոցում կաթսաները եռում են։

Տղամարդիկ շենքի մուտքի մոտ փայտից ժամանակավոր թեքահարթակ էին պատրաստում, սայլակին հարմարեցնում։ Բնակիչներից մեկը՝ 43-ամյա Ռոբերտ Ալավերդյանը, տեղաշարժվելու խնդիրներ ունի։

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում պետության առաջարկած կացարաններն ընդունած ավելի քան 1700 արցախցի կա։