Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Ղարաբաղում մնան մինչև 2025 թվականը, սակայն այսօր արդեն Կրեմլից հայտարարում են՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում նրանց։
Պուտինի խոսնակը այսօր միայն մեկ բան է հստակեցրել՝ ապագա պայմանագիրը պետք է կնքվի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։
«Դեռևս դժվար է խոսել, թե ինչ կլինի հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, քանի որ խոսքը Ադրբեջանի տարածքում գործողությունների մասին է։ Մենք սա քննարկելու ենք Բաքվի հետ», - նշել է Պոսկովը:
Դմիտրի Պեսկովը միաժամանակ ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է օրակարգում, շեշտելով` դա բխում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերից ։
Հիմնական հարցը, որը այսօր կարող է խանգարել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագիր կնքել, ռուսաստանցի վերլուծաբանների կարծիքով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։
«Կոմերսանտը», մասնավորապես, թեմային նվիրված ծավալուն հոդվածում գրեմ է, թե պետք չէ մոռանալ, որ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը այսօր բխում է ոչ միայն Մոսկվայի ու Բաքվի, այլև Անկարայի շահերից։
«Սակայն «միջանցք» եզրույթը Երևանի համար անընդունելի է։ Մայրուղին պետք է անցնի Հայաստանի տարածքով, իսկ երկրի իշխանությունները չեն ցանկանում, որ այն լինի արտատարածքային։ Սա շատ բարդ խնդիր է: Դժվար է նաև Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը, այս հարցը շատ շփոթեցնող է, և կողմերը դեռ չեն պայմանավորվել, թե ինչպես պետք է գծանշեն իրենց տարածքները», - փաստում է «Կոմերսանտը»:
Ռուս փորձագետները նկատում են, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչեր են հնչում և՛ Երևանից, և՛ Բաքվից, սակայն հստակ չէ՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել։ Ադրբեջանական կողմի մոտ համարձակության զգացում կա, որը կարող է դաժան սցենարների բերել, կարծիք է հայտնում լրատվամիջոցը, ընդգծելով՝ Ղարաբաղի ճակատագիրը հաստատեց, որ տարածքային հակամարտությունները հետխորհրդային տարածքում առայժմ լուծվում են միայն պատերազմների արդյունքում։ Այդպես էր 1990-ականների սկզբին և այսօր։
Զուգահեռ ռուս վերլուծաբանները գրում են, թե 2020-ի 44-օրյա պատերազմը և դրան հետևած զարգացումները զգալիորեն թուլացրել են Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում։
Ռուսական «Ֆորբսը», մասնավորապես, գրում է՝ Ռուսաստանը 2023 թվականի սեպտեմբերին չի պարտվել Հարավային Կովկասի պատերազմում. նրա ստորաբաժանումները ռազմական առճակատման մեջ չեն մտել կողմերից որևէ մեկի հետ։ Սակայն Մոսկվայի հեղինակությունը լուրջ հարված է ստացել: Եվ փաստարկները, թե Լեռնային Ղարաբաղի անկախությունը նույնիսկ Երևանը չէր ճանաչել, մարդկանց լայն շերտերին չեն հետաքրքրում։
«Տպավորություն է, որ Մոսկվան, իր ողջ ուժերը կենտրոնացնելով Ուկրաինայի և Արևմուտքի հետ առճակատման վրա, պարզապես նվազեցրել է կովկասյան ուղղության առաջնահերթությունը։ Ավելին, մեր աչքի առաջ արագորեն փոխվում է տարածաշրջանային կարգը», - գրում է «Ֆորբսը»։