Երևանի նոր քաղաքապետի ընտրությունն այս պահին, մեծ հաշվով, կախված է սեպտեմբերի 17-ին ամենաքիչ մանդատներ ստացած «Հանրային ձայնի» որոշումից։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» հետո ամենաշատ՝ 14 մանդատ ստացած «Ազգային առաջընթացի» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ հայտարարեց՝ իրենց խմբակցությունը չի մասնակցի ավագանու առաջին նիստին, որպեսզի քվորում չապահովվի, և նշանակվեն նոր ընտրություններ:
Ավագանիում 12 տեղ ստացած «Մայր Հայաստան» դաշինքը նույն կարծիքին է՝ ընդդիմադիր թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում նախընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով նոր ընտրության գնալու ճանապարհը։
Օրենքով ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է 33 անդամ։ 12 օր է մնացել առաջին նիստին, որի ընթացքում էլ քաղաքապետ կընտրվի։
Կոնսենսուսի դեպքում Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» պատրաստ էր ձայնը տալ «Ազգային առաջընթացի» թեկնածուին։ Հայկ Մարությանը երեկվա ուղիղ միացմամբ հայտարարեց՝ «Հանրային ձայնից» ավագանու երկու անդամներ՝ Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է, Հայաստանում չէ, իսկ Գալստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար: Քանի որ ընտրության արդյունքներով ոչ մի ուժ տեղերի կեսից ավելին չստացավ, քաղաքապետը պետք է ընտրվի հոկտեմբերի 10-ին նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում, եթե՝ ոչ, ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի ընտրություններից ավելի քան տասն օր անց ավագանի անցած ուժերի միջև համաձայնություն առայժմ չկա
«Կարող է ոչ մեկին չընտրել, բոլորին դեմ քվեարկել կամ ձեռնպահ լինել, կարևոր չէ։ Եթե ներկա լինի այդ նիստին անգամ մեկ ավագանու անդամ «Հանրային ձայնից», ապա նիստը կկայանա, և կընտրվի իշխանական թեկնածուն, եթե «Հանրային ձայնը» չի գնում այդ նիստին բոլորով՝ հինգ անդամով, ապա նիստը չի ունենա քվորում, չի կայանա, քաղաքապետ չի ընտրվի, և իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում։ Սա այն երկու տարբերակն է, որն ունի «Հանրային ձայն» կուսակցությունը», - երեկ ասաց Մարությանը։
Մինչ այդ նախկին քաղաքապետն առաջարկել էր ոչ իշխանական ուժերին ձայն տալ իրեն, բայց մնալ ավագանիում որպես ընդդիմություն։ Վերջնական համաձայնություն փաստացի չկայացավ. այս պահին ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր որևէ թեկնածուի շուրջ համախմբում չկա։ Չնայած մյուս ընդդիմադիր ուժերը կարծում են՝ Արամ Սարգսյանի առաջնորդած ուժը կամ կոալիցիա կկազմի իշխող ՔՊ-ի հետ, կամ կսատարի նրանց թեկնածու Տիգրան Ավինյանին, «Հանրապետություն» կուսակցությունը թեկնածուի հարցով որոշում չունի՝ արդյոք իրենց քաղաքապետին կառաջադրեն, եթե՝ ոչ, ում կսատարեն։ Ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը պնդում էր՝ հստակ է միայն այն, որ նիստին կմասնակցեն, այսինքն՝ չեն բոյկոտի։ Սակայն, անգամ «Հանրապետության» ներկայանալու դեպքում նիստի իրավազորությունը չի ապահովվում, ուստի Վարդան Ղուկասյանի գլխավորած ուժի մասնակցությունը որոշիչ կլինի, բայց այդ հարցով որոշումը Ղուկասյանը նախընտրում է չհրապարակել։
Չնայած Մարությանը հայտարարում է, թե երեք ուժերի համախմբմամբ էլ չի ունենա բավարար ձայներ քաղաքապետ ընտրելու համար, Ղուկասյանը շարունակում է նրա թեկնածությունը սատարելու համար պայմաններ առաջ քաշել՝ միայն վերահսկողական պեպարտամենտի ղեկավարի պաշտոնը նրան այլևս չի բավարարում. - «Երրորդ թաղապետը, երրորդ փոխքաղաքապետը, երրորդ գերեզմանատան վարիչը… էտ սաղ պիտի լինի իմը, իսկ ես կգնամ, դեմ կքվեարկեմ, չեմ էթա, ում կքվեարկեմ, էտի թող մնա ձեզ համար սյուրպրիզ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին
Թեև այս պահին փաստացի քաղաքապետի ընտրության ճակատագիրը կախված է «Հանրային ձայնից», այդ կուսակցության ղեկավարը ոչ մի պայման չի առաջադրել իշխանությանը։ Ղուկասյանը հետախուզման մեջ է, նրա թիմակիցներին էլ ներկայացված են մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ խարդախությամբ գումար հափշտակելու։
«Ես երկրորդ փուլի չեմ գնալու, ամենաառաջինը զուտ նրա համար, որ չպիտի լինի Հայկ Մարությանի ասածը», - հայտարարում էր նա։
Եթե ՔՊ-ն ու «Հանրապետությունը» միանան, ու մեկից ավելի թեկնածու առաջադրվի, նրանց ձայները ևս չեն բավարարի քաղաքապետ ընտրելու համար։ Բայց կա երկրորդ սցենարը՝ եթե քվորումն ապահովվի, ու միայն մեկ թեկնածու առաջադրվի, նրան քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ կլինի 27 ձայն։