Բեյրութում հայերը փորձել են հարձակվել Ադրբեջանի դեսպանատան վրա

Լիբանանահայ ցուցարարների բախումը ոստիկանների հետ, Բեյրութ, 28-ը սեպտեմբերի, 2023թ.

Բեյրութում սեպտեմբերի 28-ին հայերը փորձել են հարձակվել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնում են ադրբեջանական APA և Vesti.az լրատվական կայքերը:

Հաղորդվում է, որ մոտ 1500 հայեր, ենթադրաբար՝ մեծ մասը դաշնակցական ակտիվիստներ, փորձել են հարձակվել ադրբեջանական դեսպանատան վրա «այն բանից հետո, երբ Ղարաբաղի անջատողական վարչակազմը հայտարարել է ինքնալուծարման մասին»։

Նրանց դեսպանատան մոտակայքում կանգնեցրել են Լիբանանի անվտանգության ուժերը: Տեղի է ունեցել բախում Լիբանանի իրավապահների և հայ ակտիվիստների միջև։

Ըստ տեղեկությունների, հայ ակտիվիստները «մոլոտովյան կոկտեյլներով» շշեր, քարեր և ճայթուկներ են նետել ոստիկանների վրա: Իրավապահներն արցունքաբեր գազով են պատասխանել:

Անվտանգության ուժերը զայրացած ամբոխին թույլ չեն տվել ներխուժել Ադրբեջանի դեսպանատուն։