Հայ բնակիչների ներկայիս հեռանալն Ադրբեջանի տարածքից նրանց կամավոր և անհատական որոշումն է։
Այդ մասին BBC Newshour ծրագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Սա {հայերի հեռանակը} կապ չունի բռնի տեղահանման կամ նրանց վտարելու Ադրբեջանի ցանկության հետ: Նրանք ունեն ընտրություն: Կարևոր է ընդգծել, որ մենք նրանց խրախուսել ենք մնալ և լինել բազմազգ Ադրբեջանի մաս», - ասել է Ամիրբեկովը:
Նա գովեստով պնդել է, թե Ադրբեջանի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում տարատեսակ մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղորայք են ուղարկել Լեռնային Ղարաբաղ և վերականգնել են շուրջօրյա էլեկտրամատակարարումը:
«Ադրբեջանից հեռացած հայերը կկարողանան վերադառնալ», - ասել է Ամիրբեկովը։
Ապա նա քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ասել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների է ենթարկում:
«Փաշինյանը ոչ միայն հրաժարվում է սեպտեմբերի 21-ի իր իսկ հայտարարությունից, երբ ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի հայերի համար որևէ սպառնալիք չկա: Նրա այս նոր պնդման նպատակն է խափանել Ադրբեջանի ջանքերը՝ հումանիտար օգնություն հասցնելու և տեղի հայերին վերաինտեգրելու ուղղությամբ», - ասել է Ամիրբեկովը:
Դա, ըստ հատուկ հանձնարարություններով դեսպանի, նաև խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ համաձայնագրի հնարավոր հեռանկարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան