Ավելի քան 72 ժամ ծանր ճանապարհ կտրելուց, հայրենիքը ետևում թողնելուց հետո՝ Լաչինի անցակետում, Սիմա Միրզաբեկյանը անակնկալի է եկել ադրբեջանցի սահմանապահի հարցից՝ ինչո՞ւ եք հեռանում։ Չի պատասխանել՝ վախից․ ադրբեջանական զինուժի կրակոցները դեռ ականջին են։
40-ամյա կինը կյանքի ընթացքում չորս պատերազմ է տեսել, երեք անգամ տուն ու ապրուստ կորցրել՝ հարկադրաբար։ Էլ ուժ չունենք դիմանալու, ասում է ու պատմում՝ որքան տառապանք ու դառնություն է տեսել ամեն տեղահանությունից հետո:
«Ես որ Մարտակերտից դուրս եկանք 8 տարեկան էի, հիշում եմ՝ ոնց ենք ոտաբոբիկ փախել: Ինչ ծնվել եմ կռվի մեջ եմ: Ասին՝ էլ կռիվ չի լինելու, ռուսը պայմանագիր ա կնքել, հավատացինք, բայց ոչ մի բան», - ասաց Սիմա Միրզաբեկյանը:
Հուսահատությունը խորացավ անցած շաբաթվա արյունալի մարտերից հետո։ «Մեկ օր տևեցին, բայց ամենաահարկուն էին։ Մեծ ու փոքր սարսափի մեջ էինք», - պատմում է երիտասարդ կինը։
Ճանապարհ են ընկել երեխաների հետ՝ դեպի անհայտություն «Կամազի» բեռնախցիկում. - «20 թվին էդքան չենք վախեցել, էդքան վատ չենք եղել, ինչքան հիմա»:
Հիմա երեք ընտանիք գերազանց պայմաններ ունեն Վանաձորի հյուրանոցներից մեկում, բայց վիճակն անորոշ է՝ չգիտեն՝ որքա՞ն կարող են մնալ, ի՞նչ պիտի անեն, որտեղ հաստատվեն, ինչպես ուժ գտնեն հերթական անգամ կյանքը զրոյից սկսելու համար։ Այսօր պաշտոնական աղբյուրներից նոր գույժ ստացան՝ Արցախի հանրապետություն այլևս չի լինի։
Մինչ այդ դեռ հարազատներով միմյանց են փնտրում։ Ամուսնու եղբորից լուր չունեն։ Կանգնած է եղել բենզինի մահաբեր հերթում։ Ոչ վիրավորների մեջ են գտել, ոչ էլ մահացածների։
Վարդան Ավետիսյանի ընտանիքը Մարտունու Խնուշինակ փոքրիկ գյուղից է տեղահանվել։ Գյուղում նորակառույց դպրոց ու մանկապարտեզ, հայկական եկեղեցիներ են թողել։
«Մի հարցրեք, արցունքներս զսպել չեմ կարող», - հրաժարվեց խոսել Շիրազ Միրզաբեկյանը։
Հոգնած եմ, ուժ չունեմ, հույս չունեի, թե Հայաստան եմ հասնելու, ասում է 85-ամյա Գոհար Աբաղյանը, որ ընտանիքով հյուրանոցի հարևան սենյակում է տեղավորվել։ Տունը Ստեփանակերտում էր, բայց Արցախի մասին խոսելիս միայն Շուշիի անունն էր տալիս, որտեղ թողել է երիտասարդ որդու գերեզմանը։
«Թողել եմ մեր թշնամու հողում», - ասաց նա
«Գերեզմանաքարին որդիս զինվորական հագուստով էր, ադրբեջանցիք չեն խնայի»,- արցունքի մեջ խեղդվելով ասում է տարեց կինը։